946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը որոշեց այդ օրը հռչակել որպես Ուսանողության միջազգային օր:

 

Դրանից տարիներ առաջ՝ 1939 թվականի հոկտեմբերի 28-ին, ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս էին եկել փողոց' նշելու Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը, սակայն զավթիչները ցրել էին խաղաղ ցույցը: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվել է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը, ում հուղարկավորությունը վերածվել է բողոքի ակցիայի:

 

Նույն թվականի նոյեմբերի 17-ին զավթիչները շրջապատել են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվել և Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար է ուղարկվել: Հիտլերի հրամանով' չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվել են մինչև պատերազմի ավարտը:

 

Ահա այս պատմական իրողությամբ է պայմանավորված այսօրվա տոնը:

 

Տարբեր երկրներում արդեն ձեւավորվել են տոնը նշելու ավանդույթներ: Օրինակ՝ ԱՄՆ-ում ուսանողներն այդ օրը ձգտում են զվարճանալ հնարավորինս թանկ ակումբներում և վայելել ամենաթանկ խմիչքներն ու ուտեստները:

 

Դանիայի գիմնազիայի շրջանավարտներն ունեն հետաքրքիր մի ավանդույթ. նրանք ամբողջ գիշեր բեռնատար հիշեցնող մեքենաներով շրջում են քաղաքի փողոցներով, կիթառ են նվագում ու երգում և պարտադիր գարեջուր խմում:

 

Հայաստանը ուսանողության օրվա հետ կապված հատուկ ավանդույթներ չունի: Ուսանողների մի մասը գուցե չգիտի էլ այս տոնի մասին: Սակայն գնալով օրվա խորհրդի հետ կապված տոնակատարությունները մեր երկրում շատանում են:

 

Մաղթենք մեր ուսանողությանը բեղմնավոր ուսումնական տարիներ, իրենց երկրի լիիրավ տերը լինելու գիտակցություն և, իհարկե, կյանքում իրենց տեղը գտնելու անկոտրում ցանկություն:

 

Շնորհավո’ր տոնդ, ուսանո’ղ: