Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում խնդիրն իշխանության պահպանման մեջ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի Կառավարության որոշմանը դադարեցնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը:

 

Նրա համոզմամբ՝ ի տարբերություն Հայաստանի, որը բավական վաղ «հանձնվեց» Ռուսաստանին, Ուկրաինան երկար էր դիմադրում: «Դա, իհարկե, նրանց գործն է, սակայն ես բացասաբար եմ վերաբերում այդ որոշմանը: Ըստ էության, Ուկրաինայում, խորը փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում դեպի ԵՄ տանող իմպուլսներն ավելի հստակ են դառնում, սակայն վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ նախկին ազդեցությունը նաեւ Ուկրաինայում հաջողության հասավ»,- նշել է Արմեն Մարտիրոսյանը: Պատգամավորի խոսքով՝ ամեն դեպքում դա իր համար ուրախության առիթ չէ, քանի որ «որքան շատ պետություններ ապրեն պահավող, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կյանքով, այնքան լավ»: Սակայն նա նշել է, որ ակնհայտ է, «մահակի քաղաքականությունը» ազդել է նաեւ Ուկրաինայի վրա: «Ուկրաինայի դեպքում ԵՄ-ն հստակ դնում էր Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակման պահանջը, ով մեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ է, հետեւաբար առաջիկա նախագահակ ընտրությունները Վիկտոր Յանուկովիչի համար բարդ կլինեին»,- նշել է Արմեն Մարտիրոսյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի դեպքում ԵՄ-ն «ամենը մեկ զամբյուղում էր պահում» ու այդ զամբյուղի անունն էր «իշխանություն», որն էլ հանգեցրեց ներկա իրավիճակին:

 

Հիշեցենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրահանգել է դադարեցնել մի կողմից Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման, մյուս կողմից Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու նրա անդամ պետությունների հետ համաձայնագրերի կնքման նախապատրաստական աշխատանքները: