Ազգային ժողովում այսօր շարունակվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի' ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։

 

Ելույթով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

«Արդյոք Հայաստանում կենսաթոշակային համակագրն ունի՞ ռեֆորմների անհրաժետություն: Այո' ունի, և դա հասկանում ենք բոլորս: Ո՞ր կառավարությունը, ո՞ր իշխանությունը կարող է գնալ նման լրջագույն ռեֆորմների: Այն կառավարությունը կարող է գնալ նման ռեֆորմների, որն ունի հանրության վստահությունը: Ունի՞ այս կառավարությունը, որը առաջարկել է այս ռեֆորմը, հանրության վստահությունը, պատասխանը մեկն է՝ ոչ: Եվ պատահական չէ, որ, այո, պարոն Հակոբյան, կամավորության սկզբունքով առ այսօր որևէ քաղաքացի չի օգտվել այդ «բարեփոխումներից»,- ասաց Զոհրաբյանը' հավելելով,-Ինչպես քաղաքացիները, այնպես էլ մենք ունենք անվստահություն գործադիր մարմնի նկատմամբ, ուստի' ևս մեկ անգամ պնդում ենք՝ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգը պետք է հետաձգվի, օրենքից պետք է հանվի պարտադիր բաղադրիչը»,-ասաց պատգամավորը:

 

Վերջինիս խոսքերով՝ իրենք կողմ են նախագիծը հետաձգելուն և պարտադիր բաղադրիչը հանելուն:

 

«Ի վերջո, մենք խորհրդարանի միջոցով Կառավարությանը տվեցինք ժողովրդավարական գործիքը՝ կենսական նշանակություն ունեցող հարցերը որոշել հանրային հարցման միջոցով: Առ այսօր Հայաստանում այդ կարևորագույն գործիքը չի կիրառվել: Զրոյական վստահության պայմաններում, երբ զրո է վստահությունը այս կառավարության հանդեպ, այս կառավարության ներկայացրած «բարեփոխումների հանդեպ»: Նման օրենքի կիրառումը հղի է լինելու լրջագույն կործանարար հետևանքներով: Հաշվարկե՛ք այդ հետևանքները, որքան էլ առկա է Կառավարության տոտալ ճնշումը խորհրդարանական մեծամասնության վրա»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Վերջինիս ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հակադարձելով Նաիրա Զոհրաբյանին, համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնության վրա կառավարությունը ճնշում չունի.

 

«Տիկի՛ն Զոհրաբյան, մեծամասնությունից ոչ մեկը նման արտահայտություն չի արել, որ մեր վրա տոտալ ճնշումներ կան: Եթե Ձեզ վրա կան, այդ ուրիշ բան է: Դուք մեր փոխարեն մի՛ խոսեք, մեր փոխարեն կարծիքներ մի՛ հայտնեք: Մեր վրա կառավարությունը որևէ լիազորություն չունի: Եթե ձեր վրա կա, այդ ուրիշ բան»: