Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն ուղղակի մոբիլիզացիայի կոչ է և փորձ' ինչ-որ գործընթացներ սկսելու. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

 

«Չեմ կարծում, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ուղղված էր նրան, որ գնահատեր կամ ուղղություն ցույց տար, թե ՀՀ այսօրվա իշխանությունները սխալ արտաքին քաղաքական կուրսի վրա են։ Ռուսաստանի և՛ անուղղակի, և՛ ուղղակի գովքը, պատմական ակնարկը, որ արել է Լևոն Տեր-Պետրոսյանը, կարծում եմ՝ մեկնաբանությունների կարիք չի զգում, որովհետև նա արդեն ամեն ինչ ասել էր մեր արտաքին քաղաքականության մասին՝ կապված Ռուսաստանի կամ ՄՄ-ի հետ, որը ճիշտ ուղղություն է և այլն, և այլն: Սա, ուղղակի, մոբլիլիզացիայի կոչ էր»,-ասաց նա:

 

ՀՀԿ պատգամավորը նշեց, որ ինքը դա հասկանում է որոշ գործիչների՝ վերջին շրջանի մի քանի ելույթներից և քաղաքական դրսևորումներից, նաև՝ հասկանալով, որ գործընթացի տակ որևէ հիմնավորում չկա:

 

«Երբ վերլուծում ենք վերջին շրջանում քաղաքական ուժերի և հատկապես՝ քաղաքական գործիչների ելույթները, մի եզրահանգման ենք գալիս, որ որոշ քաղական ուժեր, որոնք իրենց գործողությունների արդյունքում հայտնվել են լուսանցքներում, փորձում են ինչ-որ քայլերի միջոցով վերակենդանանալ և վերականգնել հասարակության շրջանում կորցրած վստահությունը։ Անգամ՝ տեսնում ես, որ դրանից դրդված՝ որոշ մարդիկ կամ քաղական գործիչներ ժողովրդի մեջ են հայտնվում, ժողովրդի անունից խոսում։ Ես, ուղղակի, բառեր չեմ գտնում դա մեկնաբանելու համար: Վերջին շրջանում ԱԺ-ում այդ ելույթները, ցուցադրական քայլերը, ժողովրդի անունից հանդես գալը փորձ է՝ տանելու նաև դրան»,-ասաց նա:

 

Մինչդեռ ՀՀԿ պատգամավորը պնդեց, որ դրանով հանդերձ՝ առաջին նախագահի ելույթի տակ ինչ–որ շեշտադրումներ չեն արվում՝ սա սխալ է, սա՝ ճիշտ, այլ ընդամենը՝ նույն հայտարությունն է հնչեցվում, ինչ 2008թ-ին:

 

«Եթե քաղաքական բաղադրիչը հանում ենք, տեսնում ենք, որ դրա տակ որևէ պատճառաբանություն, հիմնավորում կամ խոսք գոյություն չունի։ Նա խոսում է ավազակապետությունից և այլ բառեր է օգտագործում, որոնք ասել է 2007, 2008 թթ-ին՝ ընտրություններից առաջ: Տարբերությունը, թերևս, այն է, որ այն ժամանակ իրենց լսում էր ժողովրդի մի ստված զանգված, վստահում և գնում էր նրանց ետևից։ Սակայն ժողովրդի այդ հատվածը հուսախաբ եղավ՝ հասկանալով, որ դրանք ընդամենը՝ խոսքեր են, որևէ հիմնավորում չունեն, և այսօր տեսնում ենք, որ այդ մարդկանց կողքին չկա այն հոծ բանակը, մարդիկ, ովքեր վստահում և ինչ-որ հույսեր էին կապում նրանց հետ»,-ասաց նա:

 

Հովհաննես Սահակյանի խոսքով՝ փորձում են անուղղակի գործընթացներ սկսել՝ օգտվելով գազի համաձայնագրից դժգոհություններից, կուտակային կենսաթոշակի հետ կապված խնդիրներից , բայց հստակ ասելիք չունենալով՝ կրկնում են, թե՝ երկիրը պետք է փրկենք, որովհետև տանում են կործանման:

 

Գործընթացներ սկսելու փաստը հաստատեց ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը, ով կրկնեց Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որ թեև «Մայդան» չեղավ, բայց «Ազատության հրապարակ» դեռ լինելու է, որովհետև երկիրը հայաթափվում է:

 

Հարցին, թե իշխանափոխությունն արվելու է Ռուսաստանի «դաբրոյի՞» հույսով, Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց. «Իշխանափոխությունը Ռուսաստանով չի արվելու, ոչ էլ՝ Սերժ Սարգսյանը իշխանության կմնա, անգամ՝ եթե ամերիկացիներն ասում են, որ տարածաշրջանի նախագահները նրանից պետք է օրինակ վերցնեն. վեց ամիս առաջ ասում էին, չէ՞: Հայաստանում իշխանափոխության դաշտը Սերժ Սարգսյանն է անձամբ ստեղծել, եթե ինձ հարցնեք՝ ինչպե՞ս, կասեմ՝ շատ հասարակ, գնացե´ք օդանավակայան, կտեսնեք, թե տարաբախտ մեր հայրենակիցներն ինչպես են լքում ապահով Հայաստանը: Մարդկանց հարցրե´ք և կլսեք տարաբնույթ հայհոյանքներ՝ կապված 300 մլն դոլարի այդ թալանի հետ։ Դա դեռ 300 մլն է, միլիարդներ են լափել այս տարիների ընթաքցում»:

 

Դիտարկմանը, թե դա գուցե՝ մեսիջ էր Պուտինին, նախկին ՀԱԿ անդամը պատասխանեց. «Ոչ մի մեսիջ էլ չեմ տեսնում, մարդը վերլուծել է այն ամբողջ իրականությունը, այն ճահիճը, որի մեջ մենք ապրում ենք: Մենք, օրինակ, Սերժ Սարգսյանի վրա լավ չենք զայրանում, թե՝ էս ի՞նչ ես անում, էս ո՞ր իրավունքով ես հայաթափում մեր երկիրը, դու ո՞վ ես, որ հայաթափես Հայաստանը: Մենք չենք խոսում, թե ինչու է սուտ ասում, հնարավոր է, որ երկրի նախագահը զբաղված է սուտ ասելով: Երկու տարի է՝ ասում ենք՝ ինչո՞ւ ես գազը թանկացրել, ասում է՝ ոչ մի նման բան չկա, հերյուրանք է, գլխավորը՝ ինքն իր հարազատներով միլիոններ աշխատի: Մարդն ընդհանուր պատմական էքսկուրս է կատարել և շատ հայտնի բացատրել, թե ինչու մենք չենք ստանա Մայդանի օրինակը Ազատության հրապարակում»:

 

Հարցին, թե՝ ինչպե՞ս է, որ դժգոհում են և՝ այն դեպքում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն արտաքին քաղաքականության կողմնակիցն է, ինչ Սերժ Սարգսյանը՝ ՄՄ, Ռուսաստան, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ռուսաստանի ետևից գնալը, Եվրոպայի պոչից բռնելը, նրանց կաշառելը ի՞նչ կապ ունի նրա հետ, որ երկիրն է կործանում Սերժ Սարգսյանը, դա կապ ո՞ւնի ձեր ասածների հետ»: