Գյումրեցի երիտասարդ նկարչուհի Գոհար Պետրոսյանը Հայաստանը կներկայացնի փետրվարի 24-ից մարտի 6-ը Վիլնյուսում կայանալիք բարեգործական նկարչական ցուցահանդեսին: Նկարչուհին հրավերն ստացել է մեկ ամիս առաջ:

 

Լսողական խնդիրներ ունեցող երիտասարդ արվեստագետն իր նկարները տեղադրել էր սոցիալական ցանցերից մեկում, որտեղից էլ գարնանը նվիրված ամենամյա միջոցառման կազմակերպիչները ծանոթացել էին վերջինիս ստեղծագործությունների հետ:

 

Մարտի 4-ին նշվող Սուրբ Կազիմիրի տոնին նվիրված ցուցահանդեսի մասնակիցները տեղում կնկարեն 2 նկար և կնվիրեն բարեգործական հիմնադրամին: Բացի այդ, յուրաքանչյուր նկարիչ հնարավորություն կունենա կտավի միջոցով ներկայացնելու իր երկիրը:

 

Գեղարվեստի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի շրջանավարտն արդեն հասցրել է մասնակցել տարբեր ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս՝ Գերմանիայում և Լեհաստանում: Ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ: Գոհարը չունի նկարչության մեջ իր սիրած ուղղությունը՝ նկարում է թե՜ դիմանկար, թե՜ բնապատկեր՝ կապված պահի ներշնչանքի հետ:

 

Նկարչուհու Վիլնյուս մեկելու ծախսերն իր վրա է վերցրել Գյումրու քաղաքապետարանը: