Դերասան, ծաղրերգու և սցենարիստ Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է այսօր: Սիրված դերասանը փետրվարի 27-ին դարձավ 55 տարեկան: Դժբախտ պատահարի հետեւանքով, սակայն, դերասանն իր ծննդյան օրը դիմավորել է կալանավայրում:

 

Հոգով մշտապես երիտասարդ դերասանը նախորդ տարի «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել էր.«Զգում եմ, որ գնալով ավելի շատ եմ ցանկանում շփվել երիտասարդների հետ. չգիտեմ'միգուցե ուզում եմ երիտասարդանա՞լ, թե՞ դրանով փորձում եմ երիտասարդացնել նրանց: Կամ երկուսն էլ: Չի եղել մի ներկայացում, որից հետո ինձ մոտեցած չլինի մի երիտասարդ և չասի' «Ձեր ներկայացումը դիտելուց հետո ուզում եմ ապրել և երիտասարդ եմ ինձ զգում»: Շատ եմ ուրախանում, երբ երիտասարդներն ինձ նման բան են ասում»:

 

Դերասան Վարդան Պետրոսյանը ծնվել է 1959թ. փետրվարի 27-ին, Երևանում: 1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետի արդյունաբերական դիզայնի բաժինը: 1985-ին ստեղծել է «Ոզնի» երգիծական հանդեսին կից «Երիտասարդ ոզնիներ» երգիծական թատերախումբը, որը ավելի ուշ ստացել է պաշտոնական կարգավիճակ և դարձել «Ոզնիներ» թատրոն ստուդիա: «Ոզնիներ»-ի հետ հանդես է եկել նաև Փարիզում: Նկարահանվել է նաև բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում: 2000թ-ից հանդես է եկել հեղինակային ներկայացումներով:

 

2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին' կամրջի մոտ, տեղի էր ունեցել ավտոպատահար: Ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: Մահացել են քաղաքացիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին'1959թ. ծնված Վարդան Պետրոսյանին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, և Վարդան Պետրոսյանը կալանավորվել է: