Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էթիբար Հուսեյնովը հայտարարել է, որ մայրաքաղաք Բաքվի քաղաքակիրթ մթնոլորտի վատացման մեջ մեղավորը ղարաբաղյան տարածաշրջանից քաղաք եկած ադրբեջանցիներն են: Այս մասին ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է ադրբեջանական ANS հեռուստաալիքի եթերում:

 

«Երբ Բաքվից հեռացան հայերը, ռուսներն ու հրեաները, Ղարաբաղից եկած հարկադիր վերաբնակները փչացրեցին այս քաղաքը: Հայերի, ռուսների եւ հրեաների հեռանալուց հետո Բաքվում դատարկություն առաջացավ: Իսկ երբ այստեղ եկան կուլտուրական մակարդակով հետամնաց ադրբեջանցիները, Բաքվի քաղաքային միջավայրը վերջնականորեն փչացավ», -ասել է նա:

 

1990 թ. հունվարի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաքում մի քանի օր տեւած ջարդերում գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր: Բաքվում հայերին սպանում եւ կենդանի հրկիզում էին մոլեգնած ամբոխի ծափահարությունների ներքո, երեխաներին, կանանց եւ ծերերին դուրս էին նետում բարձր հարկերից, զավթում նրանց բնակարաններն ու ունեցվածքը: Սպանվեցին հարյուրավոր հայեր: Ադրբեջանի տնտեսության եւ մշակութային կյանքում մեծ դեր ունեցող Բաքվի 300 հազարանոց հայ համայնքը դադարեցրեց գոյությունը: Կորցնելով ամեն ինչ, ջարդերից մազապուրծ փրկվածները դարձան փախստականներ: Ադրբեջանի ամբողջ տարածքում սկսված հայկական ջարդերի պատճառով փախստական դարձան 500 հազար հայեր: Բացի հայերից, ադրբեջանցի ջարդարարների զոհ դարձան նաեւ Բաքվում բնակվող ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, ինչպես նաեւ այն ադրբեջանցիները, որոնք խիզախություն ունեցան փրկելու առանձին հայերի:

 

Մարդկության դեմ ադրբեջանցիների կատարած այս սահմռկեցուցիչ հանցագործությունները մնում են չդատապարտված: Այդ ոճրագործությունները չդատապարտեցին ոչ միայն Ադրբեջանի ԽՍՀ եւ ԽՍՀՄ ղեկավարությունը, այլեւ Ադրբեջանի Հանրապետության հետագա ղեկավարությունները հրաժարվեցին հունվարյան իրադարձությունների վերաբերյալ արխիվային նյութերի հրապարակումից: