Օրերս ՕԵԿ-ը լքեց կոալիցիան: «Օրինաց երկիր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մաս կազմել կոալիցիային: Այս մասին կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

 

Թե որքանով ՕԵԿ որոշումը կարող է ազդել ներքաղաքական գործընթացների հետագա զարգացման վրա, Լուրեր.com-ը զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

 

«Ես չեմ կարծում, որ ՕԵԿ-ի այս քայլն ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ: Կարող էր ազդեցություն ունենալ ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի' կոալիցիա մտնել-չմտնելը, բայց ՕԵԿ-ինը' ոչ:

 

Սա պարզապես մի իրողություն է, երբ վերջին 10-12 տարվա ընթացքում առաջին անգամ, ամբողջ իշխանության պատասխանատվությունը ընկնում է միայն մեկ ուժի' ՀՀԿ-ի վրա: Այս իրողությանը ՀՀԿ-ականներն արդեն իսկ անդրադարձել են:

 

Աշոտյանն ասել է, որ «ղեկը» հանրապետականների ձեռքում է, մյուս հանրապետականներն էլ նշել են, որ իրենք ունեն շուրջ 70 պատգամավոր, և ոչ մի խնդիր չկա, կարող են կառավարություն կազմավորել»,-ասաց Քոչարյանը: