Հակառակ ադրբեջանցի պատգամավորների և հասարակական գործիչների ընդվզումների՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը մեծ հանդիսավորությամբ նշել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները: Ավանդույթի համաձայն մայիսի 8-ին, Երկրապահի օրվա առիթով, գործող բոլոր եկեղեցիներում կատարվել են Արցախյան հերոսամարտի զոհերի հոգեհանգստյան արարողություններ:

 

Մայիսին 9-ին կայացած միջոցառումների անցկացմանը փորձել են խոչընդոտել Վրաստանի ադրբեջանական համայնքի անդամները: «Դիմելով բոլոր միջոցներին և օգտագործելով Վրաստանում ադրբեջանական համայնքի անդամներին, այդ թվում' Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներին, ադրբեջանական կողմը թբիլիսահայ համայնքի վրա սկսեց տեղալ սպառնալիքների տարափ' մայիսի 9-ին ծրագրված համերգը արգելելու պահանջով: Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը ճնշում գործադրեց ArtHall դահլիճի տնօրինության վրա' դահլիճ չտրամադրելու պահանջով: Տնօրինությունը, խախտելով կենտրոնի հետ պայմանավորվածությունը, համերգից մի քանի ժամ առաջ մերժեց դահլիճի տրամադրումը»,- փոխանցում են Վիրահայոց թեմից:

 

Հակառակ ստեղծված իրավիճակի, «Հայարտունը» հաստատակամորեն կանգնել է մայիսյան տոները նշելու իր որոշման վրա: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվել է բացօթյա համերգ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Կոմանդոսի քույրը՝ տիկին Մարգարիտ Տեր-Թադևոսյանը, Պ.Ադամյանի անվան թատրոնի ղեկավարությունը, համայնքային կառույցների պաշտոնյաներ, արժանավոր հայորդիներ: