Ազգային ժողովում այսօր մինչ 2013 թվականի բյուջեի կատարողականի քվեարկությունը, վարման կագի վերաբերյալ ձայն խնդրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

Վերջինս անդրադարձավ ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիսլյովի կողմից երեկ արված հայտարարությանը, որը, պատգամավորի խոսքով, եղել է անհարգալից տոնով և ուղղված է եղել ՀՀ-ին և հայ ժողովրդին, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին:

 

«Ես կարծում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է քննարկի Դմիտրի Կիսիլյովին ՀՀ-ի տարածքում "PERSONA NON GRATA" անցանկալի անձ, հայտարարելու մասին հարցը»,- ասաց Փաշինյանը:

 

ՀՀԿ-ական պատագամավոր Հայկ Բաբուխանյանն անդրադառնալով պատգամավորի հնչեցրած հարցին' տեղեկացրեց, որ նման բան չի եղել:

 

Հարցի վերաբերյալ խոսեց նաև ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը և հայտարարեց, որ Հայկ Բաբուխանյանը ստում է:

 

«Պարոն Բաբուխանյանն ուղղակի ստում է, քանի որ Կիսիլյովի հետ հանդիպման ամբողջ տեսագրությունը դրված է համացանցում, ու նման ցինիկ հայտարարությունները վնասում են մեր պետականությունը: Ի դեպ, ուզում եմ ասել, որ ցինիկ կամ կինիկ բառը հունարեն նշանակում է շուն: Ես կոչ եմ անում ԱԺ-ն հետ պահել շան հաչոցներից»:

 

Տեղից արձագանքեց Հայկ Բաբուխանյանը. «Ցինիկն էլ ես դու, ստախոսն էլ ես դու»: