Սոցիալական բողոքն սկսվեց կառավարության դիմաց, բայց բովանդակային շարունակություն ունեցավ Ազգային ժողովի դահլիճում: «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների հիմնական նպատակն է կարմիր գծերի վերջնական կասեցումը, արագաչափերի և ճանապարհային խախտումների տուգանքների վերանայումը: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն սկսվեց հենց նույն խնդրի քննարկումով: Կառավարությունն առաջարկում է երթեւեկության կանոնների խախտման տուգանքները վերանայել:

 

Օրինագծով վարչական տույժերի մի մասը առաջարկվում է բարձրացնել, մյուս մասը' իջեցնել: Կիջնեն առավել շատ դժգոհություն առաջացնող խախտումները: Օրինակ' հոծ գիծը խախտելու դեպքում առաջարկվում է 10-ի փոխարեն 5 հազար դրամ տուգանել: Արագությունը գերազանցելու դեպքում միանվագ 10 հազարի փոխարեն' 1000 դրամ կտուգանվի գերազանցված յուրաքանչյուր կիլոմետր/ժամը:

 

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել կյանքի համար վտանգավոր խախտումների տույժերի չափերը: Օրինակ' հեռախոսով խոսելու դեպքում, 3 -ի փոխարեն առաջարկվում է 5 հազար դրամ տուգանել: Հանրային տրանսպորտում ծխելու դեպքում տուգանքի չափը հասցվում է 20 հազար դրամի:

 

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հարցը վերաբերում էր տուգանքների գումարի ճակատագրին: Ինչո՞ւ է մասնավորի գրպանը գնում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված գումարի մի մասը:

 

Ըստ Արթուր Օսիկյանի' պետությունը ինքնուրույն չէր կարող գնել այդ սարքավորումները, հետեւաբար աշխատել են մասնավորի հետ, այժմ ընկերության հետ աշխատում են 50-50 տարբերակով, բայց կառավարությունը մտադրություն ունի փոխել հարաբերակցությունը: Աղվան Վարդանյանին հետաքրքիր էր հաշիվները սառեցնելու խնդիրը:

 

Այս օրենքի նախագիծը չի նախատեսում լուծել բոլոր հարցերը: Փոխոստիկանապետը հայտարարեց' գումարների սառեցման հարցը կլուծի օրենքի այլ նախագիծ: Մինչեւ այդ, ոչ իշխանական խմբակցությունների քվեարկությանը չմասնակցելու հետեւանքով, ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքի նախագիծը չընդունվեց: Հանրապետականը ստիպված էր 20 րոպե ընդմիջում վերցնել, որից հետո այլեւս քվեարկություն չեղավ:

 

Գալուստ Սահակյանը ներկայացրեց կառավարության առաջարկած արտահերթ նիստի ձեւաչափն ու հարցերը: Նախ «Դաշնակցություն»-ը, ապա նաեւ ՀԱԿ-ը առարկեցին արագ ընթացակարգին: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ գարնանային նստաշրջանի ժամանակ Ազգային ժողովն ավելի շատ քաղաքական հացերով է զբաղվել եւ օրենսդրությունը հետ է մնացել: Իսկ Վարդան Այվազյանը պնդեց, որ օրինագծերի 70 տոկոսն արդեն քննարկվել է ԱԺ-ում:

 

Խորհրդարանում ընթացող նիստերին զուգահեռ' Ազգային ժողովի պարիսպների մոտ հավաքված' «Դ!եմ ԵՄ» նախաձեռնության անդամները բողոքում էին կուտակային վճարները նպատակային սոցիալական վճար դարձնելու' կառավարության նախագծին, որը նախատեսվում է քննարկել այս արտահերթ նիստում: