«Օրինաց երկիր» կուսակցությունը հուլիսի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

 

Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանն ասաց, որ հանրահավաքին հրավիրել են բոլորին՝ առանց բացառության:

 

Կուսակցությունում համոզված են, որ էլեկտրաէներգիայի թանկացումն իր հետևից բերելու է շղթայական թանկացման, ինչը հայաստանյան ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում բացարձակ անթույլատրելի է, բացի այդ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը բացարձակ անհիմն են համարում:

 

«Մենք հրապարակավ հրավիրել ենք բոլորին՝ քաղաքական կուսակցություններին, ՀԿ-ներին, քաղաքացիական ակտիվիստներին, ով կգա՝ բարով գա, ով չգա՝ մենք այդտեղ ողբերգություն չենք տեսնում: Սա ՕԵԿ-ի հանրահավաքը չէ, սա սոցիալական բնույթի հանրահավաք է, որը բոլորինն է»,- ասում է Արթուր Միսակյանը:

 

Հարցրինք՝ արդյո՞ք ՕԵԿ-ն ունի բավարար ֆինանսական և մարդկային ռեսուրներ իրենց առջև դրված խնդրի լուծման համար, Արթուր Միսակյանն ասաց. «Ֆինանսական ռեսուրսների խնդիր չկա: ՕԵԿ մարզային կառույցները ակտիվորեն ներգրավված են լինելու հանրահավաքին: Վստահ եմ, որ լինելու են հազարավոր մարդիկ, ովքեր անգամ ՕԵԿ անդամ չեն:

 

Մենք պայքարը տանում ենք երկու ուղղությամբ՝ իրավական դաշտում և փողոցում՝ բողոքի ձայն բարձրացնելով: Իրավական հարթությունում մենք դիմել ենք վարչական դատարան՝ վերանայելու էլեկտրաէներգիայի և գազի՝ ինչպես գործող սակագները, այնպես էլ՝ օգոստոսի 1-ից սկսվող թանկացումները: Դիմել ենք նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդիրը ևս մեկ անգամ քննարկման առարկա դարձնելու համար, որպեսզի հստակ տան բոլոր հիմնավորումները, թե ինչ պատճառով է էլեկտրաէներգիան թանկանում: Մենք համարում ենք, որ ունենալու ենք հաջողություն, որովհետև կարծում ենք ունենալու ենք հասարակական լայն աջակցություն, ինչպես նաև ունենք կոնկրետ փաստեր, հիմնավորումներ, որ կայացրած որոշումը անհիմն է, հետևաբար պետք է մոտեցումը վերանայվի: Հասնելու ենք նրան, որ վարչական դատարանը պարտադրի ՀԾԿՀ-ն վերանայել իր որոշումը»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ իրենց բոլոր հանդիպումները քաղաքացիների հետ ապացուցում են մի բան՝ մարդիկ դժգոհ են կայացված որոշումից: Այդ խնդիրը պահանջում է միասնական, ազգովի մոտեցում և, կարծում են՝ այդ պարագայում հաղթանակը չի ուշանա: