ՀՀ ԳԱԱ նախագահության հուլիսի 16-ի նիստում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը պատվավոր դոկտորի դիպլոմ է հանձնել Գերմանիայի Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի եւ Մաքս Պլանկի Լեյբնիցի Կատալիզի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Պիտեր Լանգերին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, Ռադիկ Մարտիրոսյանն իր խոսքում նշել է. «Մենք բարձր ենք գնահատում Հ Հ ԳԱԱ-ի համագործակցությունը միջազգային կենտրոնների հետ: Վերջին տասը տարիների ընթացքում գիտական աշխատանքների թիվը կրկնապատկվել է այդ համագործակցության շնորհիվ»:

 

«Պիտեր Լանգերը համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական է, ավելի քան 500 գիտական աշխատությունների հեղինակ: Հայաստանում Պիտեր Լանգերը սերտ համագործակցում է ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի հետ: Նրա անմիջական մասնակցությամբ Կենտրոնը տպագրել է ավելի քան 60 համատեղ աշխատանք»,- նշել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը:

 

«Ինձ համար մեծ պատիվ է այս դիպլոմը ստանալը: Ես հաճախ եմ այցելում Հայաստան: Ես այստեղ եմ նախ եւ առաջ որպես Հայաստանի բարեկամ: Իմ նպատակը ոչ միայն գիտական համագործակցությունն է, այլ նաեւ ընկերների ձեռքբերումը»,- իր շնորհակալական խոսքում ընդգծել է Պիտեր Լանգերը: