2012 թվականի նոյեմբերին Լոռու «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ գործի քննությունն արդեն ավարտական փուլում է: Գործով ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ամփոփում է մեկ տարի տևած դատավարությունը:


-Այս գործով ականատես ենք դառնում երկու տարբեր իրականությունների. մինչդատական վարույթում վկաների մեղադրող ցուցմունքների և դատաբժշկական փորձաքննության երկու հակասական եզրակացությունների առկայությամբ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության մեղադրանք է առաջադրվել երեք անձանց, մինչդեռ դատական վարույթում բոլոր վկաները, նաև՝ տուժող կողմը, հրաժարվեցին այդ ցուցմունքներից, մեղադրանքի հիմքում դրված հանձնաժողովային դատաբժշկական եզրակացության օրինականության հարցն էլ պաշտպանական կողմը վիճարկեց: Գնահատեք խնդրում եմ միանգամայն տարբեր՝ քննության երկու փուլերը. ո՞րն է օբյեկտիվ իրականությունը:

 

-Մինչդատական վարույթը օրենքի ուժով ընթանում է ոչ հրապարակային, և մինչդատական վարույթի ընթացքին ու արդյունքներին կարողանում ենք լիարժեք ծանոթանալ միայն նախաքննության ավարտման պահից, երբ մեզ են ներկայացնում գործի նյութերը: Իսկ դատաքննությունը հրապարակային է, դռնբաց, և հենց դատաքննության փուլում կողմնակի դիտորդները, նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները ականատես եղան, թե ինչպես է ընթացել նախաքննությունը փակ դռների հետևում: Գնահատեմ՝ մինչդատական վարույթը հենց քրեական գործ հարուցելու պահից ընթացել է սխալ ուղղությամբ, բազմաթիվ խախտումներով. հոգեբանական ճնշումներ են եղել, ցուցմունքներ են ուղղորդվել, ցուցմունքներ են խմբագրվել, ցուցմունքներում լրացումներ են կատարվել, և նաև հանցագործության հատկանիշներով այլ խախտումներ, որոնք կարող են հանցագործություն դիտվել, եթե դրա ցանկությունը ունենան որպես այդպիսին գնահատող մարմինները: Այդ խախտումներն ավելի մեծ թափով և ծավալով են ընթացել, երբ ցուցում է տրվել դատախազության կողմից՝ Արտակ Վերանյանի արարքը որակել որպես հասարակ սպանություն, իսկ Սամվել Դիլոյանինը և Արեն Վերանյանինը՝ որպես խուլիգանություն խմբի կազմում: Քննչական բաժնի նորանշանակ պետը հրահանգել է չկատարել դատախազի այդ ցուցումը և իր հերթին այնպիսի ցուցում է տվել, որը տալու իրավունք, Քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի պահանջներով, չուներ (Lurer.com-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է այս օրինախախտմանը՝ խմբ.):

 

Դրանից հետո խմբակային սպանության մեղադրանք է առաջադրվում երեք հոգու, որից հետո տեսնում ենք հանգուցյալի քրոջ որդու՝ վկա Հայկ Ասլիկյանի անվամբ քննիչի ձեռագրով լրացված ցուցմունքը, ընդ որում այդ ձեռագիրը նույնիսկ ես եմ դժվար վերընթերցել դատարանում, նաև դատավորը, դատախազը, և բացառվում է, որ վկան կարողանար այդ ցուցմունքը կարդալ: Այն էլ այն վկան, որն այդ պահին անչափահաս է եղել, իրավաբան չէ, և գրագիտությունը միջին մակարդակի եմ ես գնահատում: Եվ նրա անվամբ ցուցմունք է լրացվել՝ քեռուս մահը վրա է հասել երեքի հարվածների ընդհանուր ներգործությունից: Եթե կգտնվի առողջ բանականություն ունեցող գոնե մեկ անձ, որը կհավատա, որ անչափահասն այսպիսի ցուցմունք կարող է տալ, ես շատ կզարմանամ, բայց դատախազները հավատացել են:

 

Այսինքն՝ խմբագրում են ցուցմունք, որպեսզի տրված ցուցումը կատարվի: Ասեմ, որ դատաքննության ընթացքում մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները հատ առ հատ հերքվեցին, ընդ որում փաստերով, ապացույցներով, այլ ապացույցների համադրմամբ հաստատվեց, որ անձանց՝ դատարանում տված ցուցմունքներն են ճշմարտացի, իսկ նախաքննության ցուցմունքները կամ թելադրվել են, կամ ուղղորդվել են, կամ անձի ցուցմունքերը այլ ձևով են արձանագրվել, իսկ որոնք այդպիսին չեն եղել, ըստ էության մեղադրանքի հետ կապված հերքող կամ հաստատող ուղղակի ապացույցներ չեն:

 

Ինչ վերաբերում է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը, ապա այդ եզրակացությունը, թող ինձ ներեն, բայց ծիծաղելի եմ համարում, որովհետև ծիծաղելի է, երբ երեք փորձագետներ որոշում են մահվան պատճառ, մարմնական վնասվածքների առկայություն, տեղակայում, բնույթ, առաջացման մեխանիզմ՝ ընդամենը հղում կատարելով անորակ լուսանկարների, որոնք կատարվել են ոչ լուսանկարչական ապարատով, Nokia N 72 բջջային հեռախոսի տեսախցիկով, ունեն գունային, ծավալային աղավաղումներ, բայց փորձագետները երևի թե մարդկության կամ քրեագիտության պատմության մեջ առաջին դեպքն է, որ այդպիսի եզրակացություն են տալիս, որովհետև երկրորդը չեք կարող գտնել:

 

Փորձում էին խուսանավել, թե գործի նյութերի և այդ լուսանկարների հիման վրա են այդ եզրակացությունը տվել, բայց ծուղակն էին ընկնում, որովհետև գործի նյութերում այն, ինչ նշել էին իրենց եզրակացության մեջ, ամբողջությամբ հերքված էր, և իրենց ենթադրությունները միայն այդ լուսանկարներով էին հիմնավորում: Լուսանկարներն էլ՝ անհայտ ծագման, ընդ որում՝ քրեական գործում հայտնվել են միայն դատաբժշկական եզրակացությունից հետո: Բացված գանգի լուսանկար էր, հայտնի չէ՝ ումն էր, որտեղ է կատարվել, ում կողմից, ինչ հանգամանքներում առեղծվածային այդպիսի լուսանկար հայտնվեց փորձագետի մոտ: Դարձյալ՝ արհեստածին մեղադրանքը փրկելու համար: Թե ովքեր են պատվիրատուները, կատարողները, դա թողնենք, ժամանակը բոլոր հարցերի պատասխանները կտա:

 

Հիմա ունենք անձի մահ, որը վրա է հասել բռնության հետևանքով, առկա են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ դատաբժշկական սկզբնական եզրակցության, որ արժանահավատ է և թույլատրելի, կարող էին առաջանալ մեկ հարվածի ներգործությամբ, ունենք անձ, ով ներկայացել և ասում է, որ ինքն է հարվածել, բազմաթիվ ցուցմունքներ, որոնք հաստատում են, որ վիճաբանությունը ծագել է միմիայն Արտակ Վերանյանի և հանգուցյալի միջև, ընդ որում վիճաբանության նախաձեռնողը եղել է ինքը տուժողը, նա է առաջինը հայհոյել և հարվածել: Վիճաբանությանը Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի մասնակցության վերաբերյալ գոնե մեկ անուղղակի ապացույց չկա: Հետևաբար երկու ամբաստանյալները անմեղ են: Իսկ եթե այնտեղ են եղել դեպքի ժամանակ, դա չի նշանակում, որ նրանց նույնպես պետք է մեղադրանք առաջադրվեր:


-Նախաքննական մարմնի՝ քննիչների, քննչական բաժնի պետի, քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազների կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման վերաբերյալ դատարանում բազմաթիվ բացահայտումներ եղան թե ձեր՝ պաշտպաններիդ կողմից, թե գործով վկաների: Արժանացե՞լ են դրանք վերադաս մարմինների, մասնավորապես գլխավոր դատախազության և ՀՔԾ-ի ուշադրությանը, ընթացք տրվե՞լ է այդ հայտարարություններին:

 

-Խախտումները բազմիցս բարձրաձայնվել են, արձանագրվել և ձայնագրառվել, հրապարակվել են լրատվամիջոցների կողմից, մի մասին առայսօր ընթացք չի տրվել, բայց մենք տեղյակ ենք, որ առնվազն 2 քրեական գործ կա հարուցված 3 վկաների հաղորդման հիման վրա: Միջնորդությունների փուլում դատախազը կներկայացի դրանց վերաբերյալ տեղեկություններ:


-Հավանակա՞ն է, որ դատական քննության ավարտին մեղադրանքի կողմը հրաժարվի իր չհիմնավորված մեղադրանքից, թե՞ ընդունված պրակտիկայի համաձայն, կաշկանդված համակարգի նախնական որոշմամբ, ի վերջո մեղադրական ճառ կհնչեցնի:

 

-Հույս ունեմ, որ ճիշտ դիրքորոշում է ընտրելու մեղադրանքի կողմը՝ ի դեմս դատախազության, քանի որ այն մեղադրանքը, որ առաջադրված է իմ վստահորդներին, նախորդ դատախազի օրոք է եղել: Հիմա ունենք գլխավոր դատախազ, որ այլ սկզբունքներով է առաջնորդվում: Եվ որևէ կաշկանդվածություն չի կարող ունենալ նախկինում հաստատված մեղադրանքի հետ: Եթե օբյեկտիվ գնահատվեն բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ, իմ կարծիքով, միակ ճիշտ լուծումը այն է լինելու, որ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի մասով մեղադրանքից հրաժարվելու միջնորդություն ներկայացվի, այլ ոչ թե հանդես կգան մեղադրական ճառով:


-Հակառակ դեպքում դատարանի արդարադատությա՞նն եք ապավինելու:

-Այո, պետք է ապավինենք դատարանի արդարամիտ և արդարադատ լինելուն: Իսկ եթե այդտեղ էլ հույսներս չարդարանա, ասեմ, որ սպառելու ենք բոլոր դատական ատյանները, դիմելու ենք նաև Եվրոպական դատարան, բայց այս պահին ես դեռ լավատես եմ:


-Համոզվա՞ծ եք, որ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանն արդարացվելու են:

 

-Ես համոզված եմ, որ իրենք արդար են, և համոզված եմ, որ իրենց արդարությունը դատարանում հաստատվեց: Բայց ես չեմ կարող երաշխիքներ տալ կամ համոզմունք հայտնել արդարացնելու լիազորություն ունեցող պաշտոնյաների փոխարեն: