Կաթնամթերք արտադրող որոշ ընկերություններ օգտագործում են չոր կաթ, ինչի մասին նշում պիտակի վրա։ «Որոշ անբարեխիղճ կաթնամթերք արտադրողներ, իրենց արտադրանքի մեջ օգտագործելով չոր կաթ (կաթի փոշի)՝ դրա մասին չեն նշում պիտակի վրա, ինչը օրենքի խախտում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը՝ ներկայացնելով վերջին 9 ամսում 1178 մեծ ու փոքր խանութներում և ավելի քան 60 սննդամթերքի արտադրամասերում արված մարկետինգ-մոնիթորիգային աշխատանքների վերջին արդյունքները։

 

Նա տեղեկացրեց, որ վերը նշված չոր կաթը, ըստ իրենց տեղեկությունների, ներմուծվում է հիմնականում Ուկրաինայից, ինչը շատ ռիսկային է, քանի որ մեծ է հավանականությունը, որ այն արտադրվում է Չեռնոբոլյան ատոմակայանի վթարի հետրանքով ռադիացիոն բարձր ճառագայթում ունեցող շրջաններում։

 

Թվարկելով տեղական որակյալ հումքով աշխատող, մակնշման և արտադրանքի բազմազանությամբ աչքի ընկնող ընկերությունները' Հայթյանը նշեց, որ դրանցից երկուսը կաթի ավելցուկից պատրաստում են բարձր որակի չոր կաթ, որպեսզի օգտագործեն այն ձմռան ամիսներին:

 

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը նկատեց, որ հացաբուլկեղեն արտադրողների մեծ մասը չի մակնշում արտադրանքը։ «Հացը պետք է լինի փաթեթավորված և վրան մակնշված պետք է լինի արտադրողի անունը, հացի տեսակը, այսինքն, որ տեսակի ալյուրից է պատրաստված, խոնավության չափը, որը պետք է լինի 17%-ից ոչ ավելի»,- ասաց նա։

 

Բանախոսները նշեցին, որ վերջին տարիներին բողոքները գնալով քչանում են, ինչը պայմանավորված է նրանով, որ արտադրողների մեծ մասը տարեցտարի շտկում են եղած թերությունները։ «Տնտեսության զարգացման գլխավոր զենքը սպառողն է. ինչքան բարձր լինի նրա գիտակցությունը, այնքան բարձր կլինի արտադրանքի որակը»,- հավելեցին փորձագետները։