Աշխատանքային այցով հոկտեմբերի 18-ին Գյումրիում էր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա Շիրակի մարզպետարանում ընդունեց և ծանոթացավ բնակիչներին հուզող խնդիրներին:

 

Նախարարին հիմանկանում դիմում էին Գյումրիին հատուկ՝ բնակարանային, բնակարանների սեփականաշնորհման գործընթացի հետ կապված խնդիրներով: Նախարարը տեղում մանրամասն ծանոթացավ խնդիրներին և խոստացավ քաղաքացիներին դիմումներին ընթացք տալ: Հանդիպման ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Հովհաննես Մանուկյանը նշեց, որ նմանատիպ մարզային այցեր, ՀՀ վարչապետի հանձնարարականով, բոլոր նախարարներն են ունենալու, ինչը հնարավորոթյուն կտա տեղի բնակիչներին հենց տեղում ներկայացնել իրենց խնդիրները:

 

«Ես քաղաքացիներին լսում եմ ոչ միայն մարզային այցելությունների ժամանակ, այլ պարբերաբար՝ նախարարությունում կազմակերպում ենք քաղաքացիների ընդունելություններ և քաղաքացիները ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից գալիս մասնակցում են, բայց մարզային այցերի ժամանակ փորձում ենք տեղում կազմակերպել ընդունելություններ: Բնականաբար, ոչ միշտ է մարդկանց հաջողվում հասնել Երևան, այդ պատճառով փորձում ենք առիթն օգտագործել և ցանկացած մարզային այցի ժամանակ նաև կազմակերպել նմանատիպ հանդիպումներ:

 

Քանի, որ տեղական իշխանություններն ավելի մոտ են կանգնած քաղաքացիներին՝ հերթագրումն ու ծանուցումն իրականացվում է տեղական մարմինների կողմից: Անշուշտ, Երևանում մենք ստանում ենք տեղեկատվություն, ունենում ենք ժամանակ դա վերլուծելու, եզրակացություններ անելու, բայց, երբեմն շատ ավելի արդյունավետ է այդ խնդիրների մասին ծանուցվել հենց տվյալ քաղաքացուց՝ որոշումները հետագայում ավելի ընկալելի և հիմնավորված կլինեն»,-նշեց նախարարը:

 

Խոսելով Գյումրիին հատուկ ու գյումրեցուն հուզող խնդիրների մասին՝ նախարարը նշեց, որ կան համակարգային խնդիրներ, որոնք հանրապետության բոլոր մարզերում և Երևանում կան բայց, կան նաև տվյալ մարզին բնորոշ խնդիրներ, օրինակ, Շիրակի մարզին հատուկ՝ բնակարանայինը:

 

Արմենուհի Մխոյան