Մեծ Բրիտանիան շահագրգիռ է Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների կարգավորման քաղաքական գործընթաց տեսնել: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը:
Նրան ուղղված հարցին, թե որքանով են Ադրբեջանի հետ ունեցած Մեծ Բրիտանիայի տնտեսական շահերը խոչընդոտում Ադրբեջանում մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարումների, քաղաքացիական ակտիվիստների հալածման և քաղբանտարկյալների իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ գնահատական հնչեցնելուն, նա պատասխանեց, որ իրենք անդրադառնում են աշխարհի տարբեր երկրներում' ներառյալ Ադրբեջանում, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:
«Մենք բաց ենք այդ հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու հարցում: Մեր խորհրդարանի և համայնքների պալատի ներկայացուցիչներն անդրադառնում են մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակին տարբեր երկրներում' ներառյալ Ադրբեջանում: Ես բաց հայտարարություն եմ ներկայացրել Ադրբեջանի վերջին տարվա իրողությունների վերաբերյալ: ԱԳՆ-ն տարեկան զեկույց է տպում ամբողջ աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին, մեր արտաքին քաղաքականություն կարևոր տարրերից է դա»,-ասաց նա:
Դեյվիդ Լիդինգթոնի խոսքով' Ադրբեջանում և Կասպյան տարածաշրջանում իրենց ունեցած տնտեսական շահերի վրա վերջին իրադարձություններն ունեցել են ազդեցություն, որը Միացյալ Թագավորությանն ավելի զգայուն է դարձնում առկա ռիսկերի նկատմամբ: «Այդ առումով Միացյալ Թագավարությունը մեծ կարևորություն է տալիս Հարավային Կովկասում կայունության հարցերին, նաև բարոյական սկզբունքներից է բխում այս տարածաշրջանում հաշտեցում փնտրելը և խաղաղ գործընթաց ապահովելը Լեռնային Ղարաբաղում: Այդ իմաստով Վրաստանում սառեցված հակամար տությունը ևս պետք է լուծում ստանա, քանի որ դա առնչվում է Կասպյան տարածաշրջանում մեր տնտեսական շահերին »,-հավելեց նա:
Պաշտոնյանի համոզմամբ' միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի իր ջանքերն աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում: «Լեռնային Ղարաբաղի հարցը մեծ մտահոգություն է Անգլիայի համար, քանի որ ձգվող հակամարտության պայմաններում մարդիկ են մահանում շփման գծում: Մենք բարձր ենք գնահատում Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, ովքեր փորձում են կարգավորման ուղի փնտրել»,-հայտարարեց Դեյվիդ Լիդինգթոնը: