Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանները, ինչպես նաև Բաքվում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Ադրբեջանի մայրաքաղաքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանները Բաքվում հավաքվել են ամենամյա տարածաշրջանային հանդիպման համար:
Բրիտանական դեսպանության հաղորդմամբ` նմանօրինակ հանդիպումները նպաստում են ավելի լավ ճանաչել միմյանց երկրները և առհասարակ ամբողջ տարածաշրջանը, ինչպես նաև քննարկել այն, թե ինչպես Միացյալ Թագավորությունը կարող է աջակցել տարածաշրջանային հիմնախնդիրները լուծելու կենսական ջանքերին:
«Մենք ցանկանում ենք տեսնել, որ անվտանգ, բարգավաճող և ապահով Հարավային Կովկասն օգտվում է իր դիրքից` որպես երկու մայրցամաքները կապող խաչմերուկ»,- ասվում է Միացյալ Թագավորության հաղորդագրության մեջ:
Հարավային Կովկասի երեք հանրապետություններում Միացյալ Թագավորության դեսպանների հանդիպումը 2013 թվականին տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաքում: 2015 թվականին այդ հանդիպումը կկայանա Երևանում: