Տնտեսական մրցակցության վրա ազդում են բազմաթիվ և բազմապիսի գործոններ. նաև քիչ են դեպքերը, երբ այդ խնդիրները գտնվում են տարբեր պետական մարմինների կարգավորման դաշտում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: «ՏՄՊՊՀ-ն իրավասու է լուծել այս ոլորտի միայն չորս տեսակի խնդիրներ՝ հակամրցակցային համաձայնությունների բացահայտում, գերիշխող դիրքի չարաշահում, համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողություն և անբարեխիղճ մրցակցության երևույթներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շաբոյանը:

 

ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում որևէ տնտեսավարող չի կարող ասել, որ դիմել է հանձնաժողովին որևէ խնդրով, և իրենք հետևողական չեն եղել, և այդ խնդիրը չեն բարձրացրել:

 

Հարցին, թե ինքը՝ որպես Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ, կարո՞ղ է ասել, թե շաքար ներմուծող ընկերությունը Հայաստանում ում հետ է մրցակցում, Շաբոյանը ընդգծեց, որ շաքարավազի շուկայի մեծ մասը՝ մոտ 99%-ը պատկանում է «Ալեքս գրիգ» ընկերությանը: Նա նշեց, որ այս շուկայում գերիշխող դիրքի առկայությունը օբյեկտիվ գործոնով է պայմանավորված: «Հայաստան մոտ 90 հազար տոննայի չափով շաքարավազի հումք է ներմուծում այս ընկերությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե մի շուկայում կա խոշոր ընկերություն, որը մեծ մասնաբաժին ունի, դա դեռևս խնդիր չի ո՛չ մեր երկրում, ո՛չ ամբողջ աշխարհում։

 

Շաբոյանը հիմնավորեց, թե ինչու է շաքարավազի հումքի ներմուծումը պատկանում մեկ ընկերության: «Կան ոլորտներ, կան շուկաներ, որոնցում խոշոր ընկերությունների առկայությունը օբյեկտիվ գործոն է, որովհետև մեր երկիրը փոքր է, մեր շուկաները սահմանափակ են, և շատ ապրանքներ կան, որ ներմուծվում են այլ միջազգային շուկաներից, և այն ընկերությունները, որոնք խոշոր են, ունեն մեծ միջոցներ և կարող են մեծ խմբաքանակով ներմուծել այդ ապրանքները, այդ թվում՝ շաքարավազի հումքը, բնականաբար, մրցակցային առավելություն կստանան, և փոքր ընկերությունները օբյեկտիվորեն չեն կարողանա այդ խոշոր ընկերությունների հետ մրցակցել»,-բացատրեց ՏՄՊՊՀ նախագահը: