Ինչպես արդեն գրել ենք, «Երևան սիթի» ցանցի խանութներում պարբերաբար ակցիաներ են իրականացվում, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ խաբեություն: Այսպես՝ այս կամ այն ապրանքի գինն արհեստականորեն բարձրացնում են, ապա ջնջում ու գրում հին գինը: Հաճախորդներն էլ, կարծելով, թե  իրական ակցիայի են հանդիպել, ինքնամոռաց գնում են այդ ապրանքները, դառնալով հերթական խաբեության զոհերը: 

ՏՄՊՊՀ-ի ղեկավար Արտակ Շաբոյանը բազմիցս հայտարարել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը տուգանում է տնտեսվարող սուբյեկտներին և արձագանքում յուրաքանչյուր խախտմանը: Տուգանելը՝ տուգանում են, սակայն մեկ-երկու ամիս անց՝ կրկին ականատես ենք լինում նույն պատկերին: Ինչպես երեւում է,  շտապեցինք ենթադրություններ անել, թե ՏՄՊՊՀ-ն վերջապես որոշել է սկզբունքային գտնվել ու արձագանքել մատնացույց արված խախտումներին։ Կամ ՏՄՊՊՀ-ն մոնիտորինգի չի ենթարկում հանրային հարթակում բարձրաձայնվող խախտումները, կամ էլ՝ չնկատելու է տալիս, ինչը շատ ավելի շահեկան գործելաոճ է, երբ իրականում որևէ ցանկություն  և նպատակ չունես պայքարելու բարձրաձայնված խախտումների դեմ: Հետևաբար, հարց է առաջանում՝ եթե ՏՄՊՊՀ-ն այդքան անկարող կառույց է, ո՞ւմ է այն պետք և ո՞ւմ շահերն է պաշտպանում, եթե սպառողների շահերը ինչպես ոնտահարվում էին, այնպես էլ շարունակում են ոնտահարվել: 

Հավանաբար, Շաբոյանն ինքն էլ տնտեսվարող սուբյեկտների շրջանակներում «լյուբիմչիկներ» ունի, որոնց թվին հնարավոր է՝ պատկանում է նաև պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները, սակայն պետք է հիշեցնել սույն պաշտոնյային, որ ինքն իր աթոռին չի բազմել լյուբիմչիկներ ունենալու համար, պետք է մեկ մեկ էլ հանրօգուտ աշխատանքով զբաղվել: 

Ստելլա Խաչատրյան