ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում հերթական փայլուն միտքն է արտահայտել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանն ասաց, որ չկա մի ժամանակահատված, որ ՀՅԴ-ի համար լավ է եղել, իսկ ժողովրդի համար վատ է եղել. «Ո՞վ ասեց, որ հիմա ՀՅԴ-ի համար լավ է»:

Դիտարկմանը, որ դուք նախարար ունեք, մենք չունենք՝ Արմեն Ռուստամյանն արձագանքեց. «Ժողովուրդը հո նախարար չի՞ կարող ունենալ, իսկ դուք ինչի՞ պիտի նախարար ունենայիք, դուք ընդհանրապես ո՞վ եք, քաղաքական ո՞ւժ եք»:

Եվ իրոք: Ո՞վ ասեց, որ ժողովուրդը կարող է նախարար ունենալ. Չէ՞ որ մեր հայկական իսթեբլիշմենթի հոգեբանության և մենթալիտետի մեջ արդեն կարծրացել է այն մոտեցումը, որի համաձայն իրենք ծառայում են ոչ թե ժողովրդին, այլ սեփական կուսակցության քաղաքական շահերին, սեփական կուսակցություն շեֆերին և հենց նրանց հլու-հնազանդ կամակատարներն են, ոչ թե ժողովրդի:

Դեռ մի բան էլ ժողովրդի անունն ես տալիս մոտները՝ զայրանում են, թե բա՝ ժողովուրդը ո՞վ է, որ նախարար կամ պահանջներ ունենա: Չէ որ ժողովուրդը, ընդհամենը, այս համակարգի ստրուկն ու գերին է, որը ստիպված է հանդուրժել նման կուսակցական դռնապաններին՝ իրենց քաղաքական շահերով հանդերձ:

Այն, որ ժողովրդը գործոն չէ իշխանությունների համար, բոլորս գիտեինք, սակայն դա ևս մեկ անգամ փաստեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը իր անկեղծ զայրույթի պոռթկման ընթացքում:

ՀՅԴ-ական պատգամավորին իր խոսքերը տեղին կլինի հիշեցնել հաջորդ նախընտրական փուլում, երբ ՀՅԴ-ն կրկին մարզեմարզ և գյուղեգյուղ է ընկնելու՝ երկու քոռ ձայն հավաքելու համար:

Թերևս, ժողովուրդը ճիշտ կանի հուշի Ռուստամյանին՝ այդ ձայները պահանջի նրանից ում ծառայում է:

 

Ստելլա Խաչատրյան