ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Գեղամ Գևորգյանը հայտարարում էր, որ անհապաղ ստուգումներ են սկսվելու կասկած հարուցող բոլոր ոլորտներում: Սակայն ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ Գեղամ Գևորգյանի համար կասկածներ հարուցող ոլորտները, մեղմ ասած, չեն համընկում այն ոլորտների հետ, որոնք կասկածներ են առաջացնում հանրության շրջանում: Այս ամիսներին էական թանկացումներ են նկատվել մի շարք ապրանքատեսակների շուկաներում, սակայն այս հանգամանքը չի հուզում ՏՄՊՊՀ նախագահին, անգամ վարչապետի մակարդակով չարչրկված բանանի գնի թեման կարծես անցել է երկրորդ պլան:
Բենզինի շուկայում սկսված ստուգումները որքան արագ սկսվեցին, այնքան արագ էլ ավարտվեցին, ընդամենը այս պատմության մեջ հասցրեցին շահարկել ԱԱԾ պետի անունը: Սակայն հարց է առաջանում՝ ինչու է ՏՄՊՊՀ նախագահը այդչափ շահագրգռված հենց կոնյակի շուկայով:
Պարզվում է, որ Գեղամ Գևորգյանն իրականում Պետական սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ֆրունզ Մուշեղյանի փեսան է, ով պետական համակարգում հայտնի է «Սոցապ ֆոնդի Ֆրունզ» կամ «Կոնյակի Ֆրունզ» մականվամբ, և հենց վերջինիս օժանդակությամբ էլ, ըստ ԶԼՄ հրապարակումների, Գևորգյանը հայտնվել է գործադիրում: Սակայն այսքանով Գևորգյանը կապը կոնյակի շուկայի հետ չի ավարտվում: Բանն այն է, որ Գևորգյանի կինը աշխատում է գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանի Պեռնո Ռիկարում, Առաքելյանն էլ Գևորգյանի հարսանիքի քավորն է:
Այսքանը բավարար է թվում եզրակացնելու համար, որ Գևորգյանը ինչ-ինչ սուբյեկտիվ նկատառումներից ելնելով է մտել հենց կոնյակի շուկա: Նախկին իշխանության օրոք շատ էին բողոքները՝ կապված ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի աշխատանքի հետ, շատերի պնդմամբ՝ նրա ղեկավարման տարիներին կառույցը լուծում էր ոչ թե հանրության, այլ մանր ու միջին օլիգարխների առջև ծառացած խնդիրները: Ինչպես երևում է, այս առումով ՏՄՊՊՀ-ում դեռևս հեղափոխություն չի եղել: