Ադրբեջանում հայատյացության իսկական վաքխանալիա է: Ռադիոհեռուստաալիքների' Հայաստանի հետ կապված նյութերում եւ սյուժեներում վերջին շրջանում ավելի հաճախ կարելի է հանդիպել հայհոյանքների, կոպիտ եւ վիրավորական արտահայտությունների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դա նկատած ադրբեջանական moderator.az լրատվական կայքը հարց է բարձրացրել, թե մասնագիտական էթիկայի, լրագրողական մշակույթի տեսանկյունից հեռուստաեթերում նման արտահայտություններ հնչեցնելը որքանո՞վ է ճիշտ:
«Ճի՞շտ է, որ ադրբեջաներենն այնքան խեղճ լեզու է, որ Հայաստանի նկատմամբ եղած ատելությունն ու վրդովմունքը հնարավոր չէ փոխանցել առանց հայհոյանքի եւ վիրավորանքների», -հարցնում է կայքը:
Կայքի հնչեցրած հարցին տված պատասխանում Ադրբեջանի ազգային ռադիոհեռուստատեսության խորհրդի փորձագիտության, ծրագրավորման եւ վերլուծական բաժնի տնօրեն Թեվեքքուլ Դադաշովը չի բացառել, որ Հայաստանի հետ կապված սյուժեներում վիրավորական արտահայտություններ են թույլ տրվում: Ավելին, նա ադրբեջանական հեռուստաալիքներին կոչ է արել հնարավորին չափ վիրավորանքներ տեղալ Հայաստանի հասցեին:
«Չեմ բացառում, որ եթերում կոնկրետ Հայաստանի հետ կապված վիրավորական արտահայտություններ են թույլ տրվել: Որ ալիքն էլ դա արել է, շատ էլ լավ է արել: Որ ալիքն ինչքան կարող է թող վիրավորանքներ տեղա Հայաստանի հասցեին, ոչ մի խնդիր չկա», -ասել է նա:
Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանում եթերի համար պատասխանատու պաշտոնյայի նման լկտի եւ սանձարձակ արտահայտության ու պահվածքի հովանավորն այդ երկրի ղեկավարությունն է: