Ադրբեջանի «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արաստուն Օրուջլուն հայտարարել է, որ ադրբեջանական հասարակությունը ներկայում հանդիսանում է նիրհող վտանգավոր ինֆեկցիա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական minval.az լրատվական կայքի հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի 6-ամսյա նախագահությանը, Նախագահ Իլհամ Ալիեւի վարկանիշին, Օրուջլուն ասել է, որ իշխանություններն այնքան հեռու են գնացել իրենց ներքին քաղաքականության մեջ, որ ամբողջությամբ վերացրել են երկրում քաղաքացիական հասարակության առկայությունը:
Քաղաքագետը գտնում է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն այլեւս գոյություն չունի: Կան կառավարությանը մոտ ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք ամբողջությամբ կախված են իշխանություններից:
«Մենք մի հասարակության մեջ են ապրում, որը գտնվում է ճնշման տակ եւ զրկված է ինքնաարտահայտվելու համար բոլոր հնարավորություններից: Երկրում ոստիկանական ռեժիմ է տիրում: Այսօր հասարակությունն ամբողջությամբ կոտրված է, եւ այն իրենից նիրհող վտանգավոր ինֆեկցիա է ներկայացնում:
Նման հասարակությունը դինամիկ չի զարգանում, այն առաջ է գնում տարբեր սոցիալական պայթյուններով: Այդ իմաստով, իշխանութունները բոլորովին էլ լավ արդյունքի չեն հասել: Չէ որ ոչ ոք չէր պատկերացնում, որ 80-ականներին միլիոնավոր մարդիկ բողոքի դուրս կգան փողոց, բայց դա եղավ»,- արել է նա:
Օրուջլուն նշել է, որ իրավապահ մարմիններն ավելի հավատարիմ կադրերով ամրապնդումը վկայում է այն մասին, որ իշխանությունները վախեցած են: Նրա խոսքով' իշխանությունները գիտեն, թե ինչպես են վարվել ժողովրդի հետ եւ ինչպիսին կարող է լինել հատուցումը:
Ըստ փորձագետի' նավթի գների անկումը մեծ բացասական ազդեցություն է ունենում Ադրբեջանի իշխանությունների վրա, հարվածում է նրանց գրպանին: Նրա խոսքով' հենց նավթի գների անկումն է փլուզել ՍՍՀՄ-ը, իսկ ներկայիս վարչակարգերը Խորհրդային Միության ողորմելի նմանակն են:
Նա նշել է, որ դադարեցվելեւ են ոչ միայն խոշոր միջոցառումները, որոնց վրա իշխանությունները ծախսում են ժողովրդական փողերը, եւ որոնք ժողովուրդն' ինքը չի տոնում, կրճատվելու են նաեւ խղճուկ սոցիալական ծրագրերը, իսկ դա անդրադառնալու է բոլորի վրա:
«Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախագահությունն օգտագործվել է իշխանությունն ամրապնդելու համար, եւ, ընդ որում, անամոթ կերպով: Իշխանությունները հասան նրան, որ ԵԽ գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը Ադրբեջանն անվանեց «երիտասարդ դեմոկրատիա»:
Նման երկերեսանիության ֆոնին, իհարկե, Ալիեւի իշխանութունը հասավ նպատակին: Քայլեր կատարվեցին երկրի ներսում իշխանությունն ամրապնդելու ուղղությամբ»,- հայտարարել է ադրբեջանցի փորձագետը: