Ադրբեջանում քարոզչական դաշտի «ղեկավարության» փոփոխությունից հետո զգալիորեն թուլացել է քարոզչության որակը: Արդյունքում հակահայկական նյութերը ձեռք են բերել հին ու ֆորմալ ձևեր, և ակնհայտ է դարձել այն, որ տվյալ նյութերի պատվերը յուրահատուկ է և իջեցվել է «վերևից»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանում հակահայ քարոզչությունը ղեկավարող Էլնուր Ասլանովը վերջերս որակվեց որպես գյուլենիստ և հեռացվեց իր պաշտոնից: «Նրա հետ ասպարեզից դուրս եկան այն կադրերը, որոնց նա աճեցրել էր:

 

Արդյունքում քարոզչական գործառույթները հանձնարարվեցին այլ մարդկանց, որն էլ ունեցավ իր հետևանքները: Պետք է նկատել, որ դրանից հետո քարոզչական դաշտը Արբեջանում թուլացավ և և վերադարձավ ֆորմալ ձևերին: Հիմա ադրբեջանցիները փորձում են սոցիալական ցանցերի միջոցով հասնել ինչ- որ բանի, օր ինակ հեշթեգեր են ներմուծում թվիթեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:

 

Մարտիրոսյանն ընդգծեց, որ չնայած քարոզչության որակի փոփոխությանը, վերջին ամսվա ընթացքում բավականին ակտիվացում է նկատվել ադրբեջանական հաքերային համայնքում: «Ադրբեջանցի հաքերները, ովքեր խմբավորված են «Անտի Արմենիա» անվան ներքո, վերջերս նշում էին իրենց խմբավորման տարեդարձը: Այդ կապակցությամբ մեծ հարձակում իրականացվեց հայկական կայքերի վրա:

 

Դրանց թվում կային նաև օնլայն առևտրի և բանկերի կայքեր, որոնք տիրապետում են մեծաքանակ անձանց անհատական տվյալների»,- ասաց նա: Փորձագետի խոսքով' Հայաստանում շարունակում է խնդիր մնալ այն, որ նմանատիպ բաց հարթակներում հասանելի են անձնական տվյալները, իսկ հարձակումների դեպքում անձանց չի զգուշացվում իրենց տվյալների «կորստի» մասին: