Մասաչուսեթսի համալսարանի պատմության պրոֆեսոր, ԱՄՆ-ի Քեննանի ինստիտուտի աշխատակից Օդրի Լ. Ալշթադտը հայտարարել է, որ Վաշինգտոնում բոլորին արդեն զզվեցրել են ադրբեջանական լոբբիստները, ում հասցեին բողոքներ են հնչում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամերիկացի փորձագետը հայտարարել է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Մեկնաբանելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված աղետալի իրավիճակը եւ պաշտոնական Բաքվի հարաբերություններն Արեւմուտքի հետ, Օ.Ալշթադտն ասել է, որ, իր կարծիքով' Ադրբեջանի վարչակարգը վախենում է, որ ուկրաինական «Մայդանի» կամ «Արաբական գարնան» նման իրադարձություններ տեղի կունենան նաեւ այդ երկրում:
«Ադրբեջանի իշխանությունները դա կանխելու համար մի շարք լուրջ միջոցներ են ձեռնարկել: Նրանք երիտասարդներին ներգրավում են պետական ծառայության կամ այլ պատվաբեր աշխատանքի, որպեսզի նրանք չգնան ընդդիմություն: Ովքեր չեն հասկանում, որ դա արվում է իշխանությանը հավատարիմ մնալու համար, վռնդվում են: Իսկ այն երիտասարդությունը, որը չի ընդունում խաղի այդ կանոնները, բռնաճնշումների է ենթարկվում», - նշել է նա:
Փորձագետն անդրադարձել է Ադրբեջանում վերջին շրջանում բազմաթիվ հասարակական ակտիվիստների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների եւ բլոգերների' իշխանություններին քննադատելու համար շինծու մեղադրանքներով ձերբակալություններին եւ կալանավայրերում նրանց խոշտանգումներին:
Անդրադառնալով սեփական երկրում հասարակության դեմ բռնաճնշումները քողարկելու եւ միջազգային հրապարակում կորցրած վարկանիշը վերականգնելու համար Ադրբեջանի կառավարության կողմից արտասահմանում լոբբիստական կազմակերպությունների վրա ծախսվող միլիոնավոր դոլարներին' փորձագետը կարծիք է հայտնել, որ նման ջանքերը հակառակ արդյունք են տալիս:
«Լոբբիստների համար գլխավորը փող ստանալն ու հաշվետվություն ներկայացնելն է, այդ պատճառով նրանք գնում են ցանկացած խորամանկության: Վերջին կես տարում ավելի շատ մարդիկ են ինձ ասում, որ իրենց զայրացնում է այդ պարտադրված գովքն ու գովազդը: Օրերս ինձ պատմեցին մի դեպք, թե ինչպես է լոբբիստական ընկերության աշխատակիցը ներկայացել գիտաշխատող, որպեսզի հայտնվի Ադրբեջանում ժողովրդավարության խախտումների խնդրով լսումներում: Հայտնվելով այդ միջոցառմանը, նա բացահայտվել է, եւ ներկաները հասկացել են նրա' այդտեղ հայտնվելու իրական նպատակը:
Երբ լոբբիստակ ան ընկերությունը նման մեթոդներ է օգտագործում եւ, միաժամանակ, գովում Ադրբեջանին, ապա այդ ջանքերն արդյունք չեն տալիս: Ես Կոնգրեսում բազմիցս գանգատներ եմ լսել, որ արդեն զզվել են լսել այդ բոլորը: Եթե նախկինում նման քարոզչությունը որոշակի դրական արդյունք ուներ, ապա այժմ դա աշխատում է Ադրբեջանի դեմ», -ընդգծել է Օ.Ալշթադտը: Նա նշել է, որ ինքն էլ է նման արձագանք տեսնում Վաշինգտոնում եւ դա լսում մարդկանցից, ովքեր ստիպված են լսել «այդ ամբողջ լոբբիստական դատարկախոսությունը»: