Վրաստանի կառավարության հանգուցային պաշտոններում նոր մարդկանց նշանակումը, որոնք պետք է երկխոսություն սկսեն եվրատլանտյան կառույցների հետ, կարող է արգելակել գործընթացները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Անցած շաբաթ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին որոշում Էր ընդունել Իրակլի Ալասանիային պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու մասին: Դրանից հետո սեփական ցանկությամբ պաշտոնաթող եղան Ալասանիայի թիմի անդամները՝ ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն եւ եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Պաշտոնաթող եղան նաեւ ԱԳ առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին եւ ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Լեւան Դոլիձեն:
«Իրակլի Ղարիբաշվիլին շատ լավ գիտեր, որ մենք այդպիսի որոշում կընդունենք: Դրանից հետո ոչ ոք կոնսուլտացիաներ չի անցկացրել: Ոչ մի փորձի չի արվել, որպեսզի մենք նման որոշում չընդունենք: Այդ ամենից հետո պաշտպանության նախարար Է նշանակվում Մինդիա Ջանելիձեն, որին ես շատ հարգում եմ, բայց նա միանգամայն օտար մեկն Է այդ միջավայրում: Այն ամենը, ինչի արդեն հասել Էր Իրակլի Ալասանիան, նա պետք Է ստեղծի ամենասկզբից: Իրակլի Ալասանիան հիանալի հարաբերություններ, մեծ հեղինակություն ուներ արտասահմանում, իսկ այդ բնագավառում անփորձ մարդու նշանակելն անպայմանորեն կբարդացնի գործընթացները»,-հայտարարել Է Փանջիկիձեն, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: