Մոսկվայում նոյեմբերի 11-ին տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն Համագործակցության ութ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունում:

 

Բացի այդ, նիստին կմասնակցեն ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի, ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության ներկայացուցիչները:

 

Նիստում պլանավորվում է ամփոփել 2014 թվականին ԱՊՀ-ի ՊՆԽ-ի աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները եւ որոշել 2015 թվականի համար Խորհրդի խնդիրները: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն մինչեւ 2020 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծը, կլսեն առաջարկություններ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարությանը ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների համատեղ նախապատրաստվելու վերաբերյալ:

 

Նիստը կդառնա Համագործակցության պետությունների պաշտպանության նախարարների 67-րդ աշխատանքային հանդիպումը: