ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 11-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, դիտարկվել են 20-ից ավելի հարցեր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հավանությանն են արժանացել ԱՊՀ ՊՆԽ աշխատանքային մարմինների ընթացիկ տարվա գործունեության արդյունքները, հաստատվել է ԱՊՀ ՊՆԽ 2015թ. աշխատանքային պլանը:

 

Նիստի ընթացքում ընդունվել են հստակ որոշումներ' ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև բազմակողմ համատեղ գործունեության հետագա ակտիվացման ուղղությամբ:

 

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի հետ:

 

Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ռուսական և հայ-ղազախական համագործակցության ընթացիկ խնդիրները, կարծիքներ են փոխանակվել ռազմական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2015թ. ծրագիրը: