Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը դրական է եւ Հայաստանի, եւ Իրանի համար: Այս մասին հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Արաբբաղեն Մոհսենը, ով նաեւ Ջուլֆայի «Արաս» ազատ առեւտրի գոտու ղեկավարն է: «Ներկայումս էլ կան արտադրատեսակներ, որոնք Հայաստանի միջոցով են արտահանվում Եվրասիական տնտեսական միության պետություններ»,- ասաց նա։ Հարցին, թե մաքսային կանոնակարգերի փոփոխությունը չի՞ խաթարի արդյոք Հայաստան-Իրան առևտրային կապերը, Արաբբաղեն Մոհսենը նշեց, որ Իրանը պատրաստ է վերանայել իր պայմանները, երբ Հայաստանը կփոփոխի մաքսային կանոնները։

 

Մյուս կարևոր հարցը Հայաստան-Իրան երկաթգծի ստեղծման հնարավորություն էր։ Ազատ առևտրի գոտու ղեկավարը տեղեկացրեց, որ երկաթգծի ստեղծման հարցը գտնվում է իրանական իշխանությունների օրակարգում և ներկայումս էլ քննարկումները բուռն փուլում են։

 

Հայաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել երկաթուղի կառուցելու վերաբերյալ: Իրանի ճանապարհաշինության նախարար Աբբաս Ախունդին լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ հայկական կողմը պատրաստվում է երկաթուղին հասցնել մինչև Ջուլֆա քաղաք: Նա նշել էր, որ Իրանն ու Հայաստանը երկաթուղով միմյանց կապելու համար անհրաժեշտ է Իրանի տարածքում կառուցել 60, իսկ Հայաստանի տարածքում 304 կիլոմետր երկաթգիծ։