Հայաստանը, Մաքսային միությանն անդամակցելով, չի դադարեցնում քաղաքական և տնտեսական համագործակցությունը Եվրամիության հետ: «Քաղականության պատճառով բիզնեսը երբեք չպետք է տուժի: Այս մասին փաստել են նաև եվրոպացի բազմաթիվ գործարարներ, որոնց հետ մենք հանդիպումներ ենք ունեցել, և շարունակելու ենք սերտ համագործակցությունը Եվրոպական Միության, ԱՄՆ-ի և մյուս երկրների հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

 

Նա նշեց, որ Հայաստանը շուրջ 20 տարի շարունակ համագործակցել է Եվրամիության հետ տարբեր ոլորտներում և չի կարող ուղղակի վերցնել և դադարեցնել համագործակցությունը: Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության հայտարարումից' սեպտեմբերի 3-ից հետո շարունակվում են տարբեր մակարդակի հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ, իսկ ԵՄ անդամ երկրների հետ շարունակվում է արտահանումն ու ներմուծումը:

 

Պատգամավորի խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցությունից Հայաստանը կարող է լուրջ տնտեսական օգուտներ ունենալ, եթե ճիշտ գործունեություն ծավալվի: «Արդեն պատրաստ է ճանապարհային քարտեզը, շուտով այդ փաթեթը կգա Ազգային ժողով, մենք ամենայն խորությամբ կուսումնասիրենք այն և կհասկանանք մեր հետագա անելիքները»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ առավել մանրամասն խնդրին կանդրադառնա ճանապարհային քարտեզն ուսումնասիրելուց հետո:

 

Պատգամավորի խոսքով՝ Մաքսային միության անդամակցության որոշումը կապված էր նաև մեր երկրի անվտանգության հետ: Նա նշեց, որ ներկայիս պայմաններում Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների ճիշտ և հեռանկարային զարգացումն է՝ հիշեցնելով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ տնտեսական համգործակցության երկար տարիների փորձ ունի:

 

Մաքսային միության անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Վերջերս հրապարակվեց Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը, ՀՀ կառավարությունը հաստատել է դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: