Առաջիկա օրերին Արցախում կսկսվի համատարած բերքահավաքը: Արցախի Հանրապետության կառավարությունն անցած տարիների համեմատ, նախատեսում է ավելացնել ցորենի, գարու, եգիպտացորենի մշակումը եւ այլն:
«Գոհ ենք ընդհանուր առմամբ, եւ ընդհանուր գյուղատնտեսական նախագծերն ունեն իրենց գնողներն արդեն: Տնտեսական առումով, իհարկե, մենք խնդիրներ ունեցանք, բավականին շատ ներդրողներ հետաձգեցին իրենց գործունեությունը, բայց բարեբախտաբար, նաեւ ունենք ներդրողների մի մեծ բանակ, որը ոչ միայն չի դադարեցրել, այլեւ նախորդ տարվա ապրիլյան օրերին շարունակում էին կատարել իրենց ներդրումները: Ընդամենը՝ մեկ-երկու օր եղավ, որ աշխատանքները կանգնեցին, այն էլ՝ ավելի շատ մարդկային ռեսուրսների պատճառով, որովհետեւ աշխատող հիմնական զանգվածը գտնվում էր առաջնագծում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
ԱՀ վարչապետի խոսքով՝ տնտեսական աճը տարեցտարի ավելանում է, եւ այս տարի սպասում են երկնիշ թիվ, որովհետեւ 2016 թվականի վերջին շահագործվել են բավական թվով ՀԷԿ-եր, ինչի արդյունքում իրենք դարձել են մի երկիր, որը սեփական պահանջից ավելի էլեկտրաէներգիա է արտադրում, եւ արդեն կարող է առավել արդյունավետ աշխատել Հայաստանի հետ: Հարությունյանը նշեց, որ հիմնական ներդրումները եղել են երկու նախագծերում' հիդրոէներգետիկայի եւ հանքարդյունաբերության:
«2017 թվականի առաջին հինգ ամսվա արդյունքներով կարող ենք ասել, որ բարեգործական, պետական եւ այլ ծրագրերի հաշվին ավելացրել ենք շինարարության ծավալները: Ինչպես նաև զարգանում է ձկնաբուծությունը»,- ասաց ԱՀ վարչապետը: