Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գարնանացանի իրականացման համար գյուղացիներին տրամադրվելիք դիզվառելիքի, ազոտական, ֆոսֆորական և կալյումական պարարտանյութերի, ինչպես նաև կորնգանի, եգիպտացորենի, կապույտ առվույտի և առաջին վերարտադրության գարու սերմացուների գները նախորդ տարվա համեմատ չեն բարձրանա: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Սա չափազանց կարևոր տեղեկատվություն է: Փաստորեն հետևողականորեն երեք ծրագիր ենք իրականացնում, որոնք տալիս են շոշափելի արդյունքներ: Կարևորն այն է, որ սերմացուն, պարարտանյութը և վառելիքը 2014 թվականին մատակարարվելու են նույն գներով, ինչպես որ մատակարվել են 2013 թվականին: Այսինքն, գների բարձրացման խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում և ամբողջ տարվա ընթացքում մենք պարարտանյութը, վառելիքը և սերմացուն տրմադրելու ենք նախորդ տարվա գներով»,- ասաց վարչապետը:
Մասնավորապես, դիզվառելիքի մեկ լիտրը կտրամադրվի 350 դրամով, ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազար, իսկ կալյումականինը՝ 7 հազար դրամով: Ազոտական պարտանյութը տրամադրվելու է շուկայականից 35 տոկոս, իսկ կալյումականը՝ 50 տոկոս ցածր գներով: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս ծրագրերի իրականացումը ներկայացնում է առնվազն 10 տոկոսանոց տնտեսական աճի ներուժ, մանավանդ, որ սերմացուների տրամադրման նախորդ տարիների ծրագրերի շնորհիվ արտադրողականությունն էապես բարձրացել է, կրճատվել է նաև չմշակվող հողատարածքների թիվը: Գարնանացան գարում մեկ կգ-ն կկտրամադրվի՝ 200, եգիպտացորենինը՝ 350, առվույտինը՝ 1500, իսկ կորնգանինը՝ 370 դրամով: