Շփման գծում հայկական ուղղաթիռի խոցման առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Էդ Ռոյսը, դատապարտել կատարվածն ու բացասական գնահատական տվել Ադրբեջանի դիրքորոշմանն ու գործողություններին:

 

Ինչպես հաղորդում է «Ասպարեզ»-ը, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է.

 

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անզեն ուղղաթիռի խոցումը հերթական անգամ ներկայացնում է Ադրբեջանի կողմից մարդու կյանքի նկատմամբ լիակատար անտեսումն ու պատրաստակամությունը մասնակցել սադրիչ գործողությունների, իրականացնել բռնություններ, որպեսզի այդ կերպ շեղի ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից»,- հայտարարել է Ադամ Շիֆը' հավելելով, որ Ադրբեջանի կողմից սարսափելի գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում անկայանության հաստատմանն ու ճգնաժամի մեծացմանը:

 

Պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Էդ Ռոյսն էլ Վաշինգտոնում է հանդես եկել հայտարարությամբ եւ շեշտել, որ հայկական անզեն ուղղաթիռի խոցումը վնասում է այն փխրուն խաղաղությանը, որն այսօր առկա է տարածաշրջանում եւ կարող է նպաստել, որպեսզի տարածաշրջանում կրկին հաստատվի բռնություն ու լարվածություն:

 

«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի նմանատիպ բոլոր գործողություններն ու սադրանքները և պարտավորվի առաջընթաց գրանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ անցկացվող բանակցությունների ժամանակ»,- հայտարարել է Էդ Ռոյսն ու իր ցավակցությունն է հայտնել զոհված օդաչուների ընտանիքներին:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

 

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը:

 

Նոյեմբերի 13-ին Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: