ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 13-ին անցկացվեց կլոր սեղան-քննարկում «ՆԱՏՕ-ի փոխգործունակության հարթակ» խորագրով նոր նախաձեռնության շուրջ:

 

«Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակներում անցկացված այս միջոցառումը համատեղ կազմակերպել էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կլոր սեղանի ընթացքում քննարկումներ ծավալվեցին միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված բազմազգ ջանքերում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության և պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ «Փոխգործունակության հարթակի» ընձեռած հնարավորությունների շուրջ:

 

Ելույթներով հանդես եկան Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: