ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Ռ.Երիցյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և միջոցներ են եռնարկվում' առերևույթ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերի 31-ին' ժամը 17:00 -ի սահմաններում։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երկու անձինք, ավազակային հարձակմամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերի բնակարներից մեկի բնակչուհի Ռ.Երիցյանի բնակարան, թափանցիկ կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու ոտքերը, վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծի ենթարկել նրան' պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել նրան պատկանող ոսկյա մատանիներն ու դիմել փախուստի։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տեսանկարահանող սարքավորումներ, որոնց տեսագրությունները ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:
Ովքեր տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձանց մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։