Հռոմի Ֆրանցիսկոս պապի' նոյեմբերի վերջին նախատեսված այցը Թուրքիա լուրջ անհանգստություն է առաջացրել որոշ շրջանակների մոտ: Խնդիրը Հայոց ցեղասպանության հարցում Հռոմի պապի ունեցած դիրքորոշումն է, և այն մտավախությունը, որ սկզբում Անկարա, ապա արդեն Ստամբուլ կատարելիք այցերի ժամանակ Ֆրանսիցկոսը կխոսի Հայոց ցեղասպանության մա սին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ում բնակվող թուրքերի պաշտոնական տեսակետները և հայացքներն արտահայտող TurkishNY կայքը ստվարածավալ հոդված է պատրաստել այն մասին, որ հնարավոր է նոյեմբերի 30-ին հունական եկեղեցի այցելության ժամանակ Հռոմի պապը պատարագ մատուցի և աղոթք իրականացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կայքը նշում է, որ կան խոսակցություններ այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 12-ին հենց Հռոմի պապի ղեկավարությամբ Վատիկանում պատարագ է մատուցվելու:

 

TurkishNY-ը հիշեցնում է, որ դեռևս նախքան Հռոմի պապ ընտրվելը Ֆրանցիսկոսը տարբեր հայտարարություններ էր արել հայերի Ցեղասպանության վերաբերյալ, իսկ արդեն նախորդ տարի իր մոտ էր ընդունել Հայոց ցեղասպանությունից փրկված հայ տիկնոջ, որի հետ զրույցում ասել էր. «Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»:

 

Հռոմի պապի այցի դեմ բացասական տրամադրվածություններ կան նաև Թուրքիայի ներսում: Իր հակահայկական գործունեությամբ հայտնի ASIMDER կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը կոչ է արել Հռոմի պապին պատմական հարցերի վերաբերյալ հայտարարություններ չանել' հավելելով, որ կրոնավորին հարիր չէ նման արտահայտություններ անելը: Գյուլբեյը, խիստ քննադատության ենթարկելով կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին, հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում Թուրքիայում տեսնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին:

 

Հռոմի պապը Թուրքիայում կլինի նոյեմբերի 29-30-ը: Ֆրանցիսկոս պապը նախ կժամանի Անկարա, այնուհետև կայցելի Ստամբուլ: Հռոմի պապի այցելությունը կկայանա Պոլսո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հրավերով: Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմեոսը նոյեմբերի 30-ին միասին կմասնակցեն պատարագի: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանսիկոսը կլինի Հռոմի չորրորդ պապը, ով այցելում է Թուրքիա: