Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 28-30-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա՝ դառնալով այս երկիր այցելած Հռոմի չորրորդ պապը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Վատիկանը, խոսելով այցի նպատակների մասին, նախապես հայտարարել էր, որ այն կոչված է լինելու խրախուսելու թուրքական պետությունում միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև երկրում առկա սակավաթիվ կաթոլիկ թուրքական համայնքի գոյությունը: Այդուհանդերձ, Ֆրանցիսկոս պապի այցը բացահայտ կողմերից զատ պարունակում է նաև այլ՝ «թաքնված» ակնկալիքներ, որոնք լրջորեն սկսել են անհանգստացնել թուրքական լայն շրջանակներին: Խոսքը Հայոց ցեղասպանության հարցում Հռոմի 266-րդ պապի ունեցած դիրքորոշումն է, ինչն արդեն վաղուց խստորեն մտահոգում է պաշտոնական Անկարային:
Դեռևս 2013 թվականի մարտին Խոսե Մարիո Բերգոլիո անունով կարդինալի՝ Հռոմի պապ ընտրվելուց անմիջապես հետո համացանցում սկսեցին տարածվել ավելի վաղ նրա արած հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս փաստից ահագնացած թուրքական տագնապն ավելի զգացնել տվեց, երբ հայերի դեմ օսմանյան կայսրության իրականացրած ոճրագորությունն իբրև «ցեղասպանություն» Բերգոլիոն անվանեց արդեն Հռոմի Ֆրանցիսկոս պապի կարգավիճակում՝ վերահաստատելով նախկինում արած հայտարարությունները: Պատահական չէ, որ նոյեմբերի վերջին Թուրքիա ծրագրված այցելությույը բոլորի մոտ առաջացրեց հետևյալ հարցը. Ֆրանցիսկոս պապը Թուրքիայում կբարձրաձայնի՞ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին և կհորդորի արդյոք թուրքական կառավարությանն առերեսվել սեփական անցյալին ու պատմության արյունոտ էջերին:
Թուրքական մամուլն ահազանգում է, օտարերկրյա պարբերականները՝ հիշեցնում
Հռոմի պապի այցից արդեն ամիսներ առաջ թուրքական պարբերականները սկսեցին տարբեր հրապարակումներ անել, որոնցում կարմիր գծի նման առանձնանում էր այն մտավախությունը, որ Ֆրանցիսկոսը Թուրքիայում կխոսի Հայոց ցեղասպանության մասին: Շատերը համոզմունք էին հայտնում, որ այցի վերջին օրը Հռոմի պապը Պոլսո հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի և աղոթք կանի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Թուրքական տագնապը հասել էր այն աստիճանի, որ երկրում գործող մի շարք ազգայնական կազմակերպություններ հայտարարեցին, որ դեմ են Հայոց ցեղասպանությունը ճանաչող գործչի՝ Թուրքիա կատարելիք այցելությանը: Թուրքական պետական մերժողականությունն իբրև իրենց հիմնական գաղափարախոսական գիծ որդեգրած կազմակերեպությունները պահանջեցին, որ «կրոնավոր անձը հայտարարություններ չանի պատմական իրադարձությունների վերաբերյալ»:
Եվ մինչ Թուրքիայում ի ցույց էին դնում Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ սեփական բարդույթավորված վերաբերմունքը, Հռոմի պապի առաջիկա այցը չվրիպեց նաև միջազգային մամուլի ուշադրությունից: Մասնավորապես, իտալական մի շարք ԶԼՄ-ներ ընդգծեցին, որ Հռոմի պապը Թուրքիայում կարող է շոշափել Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանների առկայության հարցը, իսկ La Repubblica-ն գրեց. «Թուրքիա կատարելիք նրա այցելությունը հետապնդում է մեկ այլ նպատակ ևս. խոսքը Հայոց ցեղասպանության մասին է, որի 100-րդ տարելիցը կնշվի ապրիլին»: Պարբերականները շարունակ հիշեցնում էին այն, որ Ֆրանցիսկոսը կատարված դեպքերը որակում է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Հռոմի պապի այցը և Թուրքիայում «Հայոց ցեղասպանության սինդրոմը»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական պետական և ազգայնական շրջանակներում հակահայկական խլրտոցները և նախաձեռնություններն ավելի մեծ թափ են ստանում: Անկարան անում է ամենն իր իսկ կողմից մեկ դար առաջ իրականացված ոճրագործության հարյուրամյա արձագանքները խլացնելու նպատակով: Բնականաբար Հռոմի պապի այցը և Թուրքիայում Ցեղասպանության վերաբերյալ ցանկացած հայտարարություն լրջորեն կարող է հարվածել թուրքական լոբբիստական կազմակերպությունների կողմից իրականացվող լայնածավալ հակաքարոզչությանը և նախաձեռնություններին, որոնք առաջ են տանում թուրքական ժխտողականության արդեն ավանդական դարձած գիծը: Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանցիսկոս պապի՝ 2013 թվականին արած հայտարարությանն արձագանքեց անգամ Թուրքիայի ԱԳՆ-ն՝ քննադատելով և լիովին անհիմն որակելով այն: Հռոմի պապի գալուստից օրեր առաջ Վատիկանում Թուրքիայի դեսպանի այցը Ֆրանցիսկոսին թերևս նույն նպատակն ուներ՝ որևէ կերպ համոզել պապին գոնե Թուրքիայում զերծ մնալ Ցեղասպանության մասին խոսելուց:
Հռոմի պապի այցն ու հայկական կողմի սպասելիքները
Խոսելով հայկական կողմի ակնկալիքներից՝ պետք է նշել, որ Հայաստանում այս այցը և դրա ընթացքում հնչեցվելիք հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին գնահատվում են իբրև կարևոր քայլ 2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ: Համայն կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի նման հայտարարությունը հենց ցեղասպան պետության ներսում կարող է կարևոր ազդակ լինել ողջ աշխարհում հայերի դեմ իրագործված աններելի հանցագործության վերաբերյալ միջազգային հանրության ուշադրության և իրազեկվածության մակարդակի բարձրացման գործում:
Այսպիսով, Հռոմի պապն արդեն նոյեմբերի 28-ին կժամանի Անկարա, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներից հետո արդեն հաջորդ օրը կմեկնի Ստամբուլ: Հենց այստեղ էլ կեզրափակվի կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի այցը Թուրքիա: Թե ինչ արդյունքների այն կհանգեցնի, ցույց կտա ժամանակը: Սակայն թուրքական կողմի վախերն ու հայկական կողմի սպասելիքները վկայում են այն մասին, որ Հռոմի պապի այցը թուրքերի համար տհաճ անակնկալ կարող է խոստանալ և ի չիք դարձնել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Անկարայի բոլոր նախապատրաստությունները: Մնում է միայն սպասել և ակնկալե լ, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատարիմ կլինի ցեղասպանության վերաբերյալ նախկինում բազմիցս արտահայտած դիրքորոշմանը և չի ընկրկի արդեն Թուրքիայում այդ մասին բարձրաձայնելուց: