ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Վենեսուելայի թեմի առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին և իրաքահայ համայնքային գործիչ Պարույր Հակոբյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով սրբազան հայրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը արժեվորել է Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովում քննարկված՝ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգը և սրբադասմանն առնչվող հարցերը: Նախարարը կարևորել է Կոմիտաս վարդապետի սրբացման անհրաժեշտությունը:

 

 

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվել է կատարել 2015-ի ապրիլի 23-ին՝ Մայր աթոռում:

 

Հանդիպման ընթացքում խոսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայ եկեղեցու հետ Հայաստանում և Սփյուռքում իրականացվելիք միջոցառումների մասին:

 

 

Սրբազան հայրերը նշել են, որ Եպիսկոպոսաց ժողովը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում միջազգային հանրությանը' «…վճռականորեն շարունակելու Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված' 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը», ինչպես նաև Թուրքիայի Հանրապետությանը' ճանաչելու հայ ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանությունը և վերահաստատելու հայ ժողովրդի արդար իրավունքները: