Գալուստ Սահակյանի մոտ ավարտվել է խորհրդարանական խմբակցությունների խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել է ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետերի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի առաջարկը:

 

Քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, բացի ՀԱԿ-ից:

 

Հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք ուղղակի գնացել և հայտարարել են, որ այդ հարցի շուրջ բանակցությունների հարց չունեն. «Այս ընթացքում կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը բազմիցս ապացուցել են, որ նման գործընթացներն օգտագործում են կառուցողական կերպար ներկայացնելու համար, բայց, ըստ էության, դրանք իմիտացիոն գործընթացներ են»:

 

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք հրաժարվել են բանակցություններից:

 

ԲՀԿ-ն ևս հրաժարվել է բանակցություններին մասնակցելուց՝ որպես նախապայման ներկայացնելով ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման հարցը:

 

ՕԵԿ-ը ՀՀ վարչապետի առաջարկությունը կքննարկի խմբակցության նիստում, որից հետո հանդես կգա հայտարարությամբ: