Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը բոյկոտել են արտահերթ նիստը, քանի որ կառավարությունը նախօրեին խորհրդարան է բերել կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի նախագիծը, որում իրենց համար անընդունելի դրույթներ կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Այս առումով անհասկանալի է... Յուրաքանչյուր օրենք պետք է առնվազ 15 օր հրապարակային լինի, այսինքն' պետք է 15 օր առաջ այս օրենքի նախագիծը դրվեր կառավարության կայքէջում: Սակայն նման բան տեղի չի ունեցել: Բացի այդ, կառավարությունն իր ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ քննարկումներ կկազմակերպի քաղաքական ուժերի հետ, և այնպիսի մոդել կառաջարկվի, որ ընդունելի կլինի հանրության մեծ մասի համար: Կառավարությունը, սակայն, չի կատարել իր խոստումը»,- ասաց Վարդանյանը:

 

Կառավարությունն ընդդիմությունից խնդրել էր նաև, որ մասնագետներ տրամադրեն, որպեսզի միասին աշխատանքային խումբ ստեղծեն այդ մոդելը մշակելու համար: Վարդանյանը նշեց, որ իրենք՝ որպես պատասխանատու քաղաքական ուժ, 4 հոգի էին ներկայացրել, սակայն քննարկում այդպես էլ չձևավորվեց, չեղավ որևէ աշխատանք, և կառավարությունը պարզապես հրավիրեց քաղաքական ուժերին ու իրենց ներկայացրեց պատրաստի մոդելը: