Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները մտադիր են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից խուսափելու լուծումներ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հուլիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, ով եւս մեկ անգամ ընդգծել է, ո ր պատրաստ է լսել առաջարկներ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հուլիսի 2-ին քառյակի հրավիրած ասուլիսին նշեց, որ որոշակի քայլերի դիմելու պարագայում հնարավոր կլինի խուսափել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից: «Երեկվա իմ հարցադրմանն ի պատասխան, նաև այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռոբերտ Նազարյանի հետ, ով ասաց' եթե կան լուծումներ, ռեզերվներ, որոնց միջոցով այս փուլում հնարավոր կլինի խուսափել թանկացումից, իրենք պատրաստ են լսել դրանք»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

 

Միքայել Մելքումյանն առաջարկում է առաջացած ճեղքվածքը օրենքով երեք տարվա ընթացքում 1/3 հարաբերակցությամբ պետության կողմից մարել, որը կկազմի մոտ 5.5 միլիարդ դրամ: «Երկորդը' ամորտիզացիան' մաշվածքը, և գերշահույթը պետք է վերանայել»,-ասաց պատգամավորը: Լուծման հաջորդ եղանակը Միքայել Մելքումյանը տեսնում է շահույթի նորմայի իջեցման մեջ: «Չեմ կարող չնշել կորուստների մասին, որը կազում է 12 տոկոս, դա 700-800 միլիոն կՎ/ժամ էլեկտրաէներգիա է, եթե միայն 3-4 տոկոսով կո րուստները նվազեն, հնարավոր է թույլ չտալ սակագնի չթանկացումը»,-նշեց Միքայել Մելքումյանը:

 

«Պետք է կայուն հարաբերություններ հաստատենք, ֆինանսական առողջացման ծրագիր իրականացնենք արտադրող կայանների ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության արտադրահարաբերությունների միջև: Կարծում եմ' այստեղ պետության կարգավորիչ դերն անարդյունավետ է եղել»,-նկատեց պատգամավորը' հավելելով, որ քառյակը պատրաստ է իր ջանքերը ներդնել խնդրի լուծման համար:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստում որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Որոշումը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից, և էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3.85 դրամով: Նիստին եւս Ռոբերտ Նազարյանը նշել էր, որ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ունեն լուծումներ, կարող են առաջարկել, և հանձնաժողովը մինչ որոշումը ուժի մեջ մտնելը կքննարկի դրանք: