Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում վրդովվել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին «մենամարտի» կանչելու ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկու ցանկությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Պլոտնիցկին «արժանի Է միայն մենամարտելու» ուկրաինական դատարանի հետ, իր թվիթերում գրել Է Ուկրաինայի ԱԳ նախարարության խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը:
Ավելի վաղ Պլոտնիցկին բաց նամակ Է ուղարկել Պորոշենկոյին, որում մենամարտի Է կանչել նրան: «Եկեք մենամարտենք (սլավոնների հին առաջնորդների եւ կազակների փառապանծ ատամանների օրինակով). ով հաղթի, նա Էլ հակառակ կողմին կթելադրի իր պայմանները»,- գրել Է Իգոր Պլոտնիցկին:
Պայմանների թվում Պլոտնիցկին առաջադրել Է «մարտական բոլոր գործողությունների անհապաղ դադարեցումը, Ուկրաինայի բոլոր օրինական, կիսաօրինական, հարօրինական եւ անօրինական զինված կազմավորումների դուրսբերումը Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի վարչական սահմաններից, հաշտության պայմանագրի կնքման շուրջը շուտափույթ բանակցություններ սկսելը մի կողմից Ուկրաինայի եւ մյուս կողմից Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաեւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջեւ»:
Մենամարտի ազնվությունը, ԼԺՀ-ի ղեկավարի կարծիքով՝ պետք Է ապահովի տասը մարտավկա-դիտորդների եւ զանգվածային լրատվամիջոցների տասը ներկայացուցիչների ներկայությունը յուրաքանչյուր կողմից:
«Մենամարտի վայրի եւ զենքի ընտրությունը թողնում եմ Ձեզ»,- ասված Է Պլոտնիցկու՝ Պորոշենկոյին հղված նամակում: