Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հայտարարել է խորհրդարանի հանգուցային ստորին պալատն արձակելու և վաղաժամկետ ընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթղթերն ստորագրել են նախարարների կաբինետի բոլոր անդամները:
Երկրի Սահմանադրության համաձայն՝ ստորին պալատն արձակելու որոշումն ընդունում է կառավարության ղեկավարը: Համապատասխան փաստաթուղթը պետք է ստորագրի Ճապոնիայի կայսրը: Այնուհետև այն կընթերցեն ստորին պալատի լիագումար նիստում, որը դրանից հետո կդադարեցնի իր գործունեությունը:
Ընտրարշավը կսկսվի դեկտեմբերի 2-ին, իսկ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 14-ին:
Ճապոնիայի վարչապետն ավելի վաղ խոստացել է պաշտոնաթող լինել այն դեպքում, եթե երկրի իշխող կոալիցիան (Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ), որի առաջնորդն Աբեն է, և «Նոր Կոմեյտո» կուսակցությունը) մեծամասնություն չստանա ընտրություններում:
Խորհրդարանն արձակելու որոշումը կապված է այն բանի հետ, որ Աբեն ձգտում է ամրապնդել ԼԴԿ-ի մանդատը, քանի դեռ նրա վարկանիշները բավականին բարձր են, իսկ ընդդիմությունը մասնատված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: