Իտալիայի խորհրդարանի վերին պալատը վստահություն է հայտնել վարչապետ Մատեո Ռենցիի կառավարությանը: Վստահության քվեի հարցը քննարկման էր դրվել աշխատաշուկայի բարեփոխման քննարկման կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Օրինագծի քննարկումը, որը բազմաթիվ բողոքներ ու վեճեր էր հարուցել, շարունակվել է կեսգիշերից բավականին անց: Արդյունքում վստահությանը «կողմ» է քվեարկել 165 սենատոր, «դեմ»՝ 111-ը:

 

Ռենցիի համար աշխատաշուկայի բարեփոխում իրականացնելը քաղաքականության գերակայություններից մեկն է եւ կառավարական ծրագրի գլխավոր խոստումը: Դրանով իշխանությունները փորձում են պայքարել գործազրկության ռեկորդային մակարդակի դեմ, հատկապես երիտասարդության շրջանում (ավելի քան 40 տոկոս):

 

Խորհրդանշական է, որ բարեփոխմանը հավանություն տալու ճանապարհի առաջին քայլն արվել է զբաղվածության հարցերի շուրջ ԵՄ-ի հատուկ գագաթնաժողովի հետ գրեթե միաժամանակ, որը հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Միլանում: Սա նմանօրինակ արդեն երրորդ հանդիպումն է՝ Բեռլինի եւ Փարիզի գագաթնաժողովներից հետո: Այն անցկացվել է Եվրամիությունում Իտալիայի նախագահության շրջանակներում:

 

Եվրոպական պետությունների ու կառավարությունների ղեկավարներից բացի, դրան մասնակցել են Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն եւ Եվրախորհրդարանի խոսնակ Մարտին Շուլցը: Ամփոփիչ մամուլի ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դրական է գնահատել Ռենցիի կողմից առաջարկված բարեփոխումն Իտալիայում: Բոլոր մասնակիցներն արտահայտվել են կառուցվածքային բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության օգտին՝ նպատակ ունենալով միասնական եվրոպական աշխատանքային տարածքի ստեղծման համար պայմանների բ արելավումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: