Հունաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել երկրի կառավարությանը, որը գլխավորում է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարների կաբինետին աջակցություն են հայտնել Արմատական ձախ ուժերի կոալիցիայից (ՍԻՐԻԶԱ) եւ «Անկախ հույներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից 162 խորհրդարանակ աններ, որոնք մեծամասնություն ունեն միապալատ բարձրագույն օրենսդիր մարմնում, որը բաղկացած է 300 պատգամավորներից:
Դեմ են արտահայտվել 137 խորհրդարանականներ, որոնք ներկայացնում են «Նոր ժողովրդավարություն» առաջատար ընդդիմադիր կուսակցությունը, ծայրահեղ աջ «Խրիսի Ավգին» («Ոսկե արշալույս»), կենտրոնամետ «Պոտամին» («Գետ»), Հունաստանի կոմկուսը եւ Համահունական սոցիալիստական շարժում ձախ կենտրոնամետ կուսակցությունը: Պատգամավորներից մեկը բացակայել է:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, քվեարկությունը կայացել է կաբինետի գործունեության շուրջ բանավեճերից հետո, ծրագիր, որը փետրվարի 8-ին ներկայացրել էր կառավարության ղեկավարը: Դրանում Ցիպրասը, մասնավորապես, ընդգծել է, որ Հունաստանը պետք է դառնա տնտեսապես ինքնուրույն պետություն եւ Եվրամիության իրավահավասար անդամը: Վարչապետը ժխտել է ԵՄ-ի վարկային ծրագրի երկարացման հնարավորությունը, որն ավարտվում է փետրվարի 28-ին: Սակայն, Ցիպրասի կարծիքով, հնարավոր է վարկատուների հետ միջանկյալ համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածության գալ մինչեւ այս ամվա վերջը, որպեսզի Հունաստանը ֆինանսավորում ունենա այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել պարտային խնդրի կարգավորման շուրջ: