Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել բարենորոգումների օրինագծին, որոնք անհրաժեշտ են Եվրոպայի կայունացման մեխանիզմի (ESM) հետ համաձայնագրի կնքման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 16-ին հաղորդել է Reuters-ը:
Օրինագծի օգտին քվեարկել է 228 պատգամավոր, դեմ՝ 64-ը, վեց հոգի ձեռնպահ է մնացել:
Ավելի վաղ, ելույթ ունենալով խորհրդարանում, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պատգամավորներին կոչ է արել պաշտպանելու օրինագիծն՝ ընդգծելով, որ նրանք պետք է կիսեն պատասխանատվությունը երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Միևնույն ժամանակ Ցիպրասը վստահություն է հայտնել, որ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը դրական արդյունքներ կբերի: Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում պայքար է գնում ոչ թե փոքր Հունաստանի դեմ, այլ ապագայի համար:
Օրինագծի քննարկումն ուղեկցվել է ոստիկանության հետ ընդհարումներով, որոնք խորհրդարանի պատերի մոտ կազմակերպել էին անարխիստները: Անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 50 մարդ: