Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել Իսպանիայի այդ ինքնավար մարզի ինքնիշխանության շուրջ նոյեմբերի 9-ին բնակչության հարցում անցկացնելու վերաբերյալ բանաձևին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բանաձևում կոչ է արվում հարցումն անցկացնել «դեմոկրատական երաշխիքների և օրենքների պահպանմամբ»:

 

Բանաձևում նաև Կատալոնիայի կառավարության ղեկավարից պահանջվում է «խորհրդարանի հետ համաձայնեցնել գործողություններն այն դեպքում, եթե ի հայտ գան Կատալոնիայի ապագայի որոշման ժողովրդավարական գործընթացի հետ կապված նոր հանգամանքներ»: Ինչպես նշում են իսպանացի փորձագետները, դա ենթադրում է խորհրդարանի կողմից նոր որոշումների ընդունում, եթե իսպանական պետությունը արգելի հարցումը:

 

Բանաձևի օգտին արտահայտվել է ազգայնական կուսակցություններից 86 պատգամավոր, ինչպես նաև երեք սոցիալիստ պատգամավոր, որոնք այդպիսով խախտել են բանաձևին չաջակցելու սոցկուսակցության որոշումը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: