Քութաիսիում Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ պատգամավորները վստահության քվե են հայտնել կառավարության նորացված կազմին: Այս որոշման օգտին քվեարկել է 87 պատգամավոր, դեմ՝ 38-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրի կառավարությունում երեք նոր անդամներ են. պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին (մինչև մայիսը զբաղեցրել է եվրաինտեգրման հարցով խորհրդարանական կոմիտեի նախագահի պաշտոնը), շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանության նախարար Գիգլա Աղուլաշվիլին (եղել է խորհրդարանի գյուղատնտեսական կոմիտեի նախագահ) և սպորտի նախարար Տարիել Խեչիկաշվիլին (նախկինում' ֆուտբոլիստ, այնուհետև կառավարիչ և գործարար):
Քվեարկությանն ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցել: Նրանց պնդմամբ՝ Վրաստանի գործող կառավարությունը Վրաստանը տնտեսական ճգնաժամի է հասցրել և պետք է հրաժարական տա:
«Ինչ փոփոխություններ էլ լինեն կառավարության կազմում, այն ընդունակ չի լինի անգամ տարրական խնդիրներ լուծել, քանի որ կուլիսներից ղեկավարվում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից։ Այս կառավարությանը չենք կարող վստահել, և քանի դեռ երկիրը լիովին չի կործանվել, այն պետք է հրաժարական տա»,- ասել է ընդդիմադիր պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանին ներկայացրել է կառավարության ծրագիրն ու հայտարարել, թե ընդդիմության մեղադրանքները, որ իրենք երկիրը տնտեսական ճգնաժամի են հասցրել, «սուտ են և քաղաքականացված»:
Քութաիսի քաղաքում խորհրդարանի արտահերթ նիստն ընթացել է նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» անցկացրած բողոքի ցույցերի ֆոնին:
Ակցիայի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի մոտ և պահանջել են պատգամավորներից վստահություն չհայտնել կառավարությանը: