Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 26-ին հաստատել է նորացված կառավարության կազմը և ծրագիրը, հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը։ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած կառավարությանը վստահության քվե է տվել 110 պատգամավոր, դեմ է քվեարկել 19-ը։

Ֆինանսերի նախարարի պաշտոնն զբաղեցրել է նախկին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիկլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար է դարձել նախկին բիզնես-օմբուդսմեն և կառավարության ղեկավարին կից Տնտեսական խորհրդի նախկին քարտուղար Գեորգի Գախարիան։ Էներգետիկայի, պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության, ԱԳ նախարարներն, ինչպես նաև հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարարը պահպանել են իրենց տեղերը։

Կառավարության ծրագիրն առաջարկում է չորս կետեր, որոնք պետք է ապահովեն «տնտեսության արագ աճը և երկրի զարգացման մեջ որակական վերափոխումները»։ Այս կետերն են մասնավոր հատվածի առավելագույն խրախուսումը և ամրապնդումը, կրթության բարեփոխումը, տարածաշրջանների զարգացումը և պետականա կառավարման բարեփոխումները։

Ծրագրում նշվել է հարևան երկրների հետ համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին։

Խորհրդարանական փոքրամասնությունը, որը ներկայացնում են նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը», հավանություն չի տվել կառավարության կազմին և ծրագրին։